կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 14:17
Տնտեսական

Ջրեղենի թանկացման պատճառը նոր ակցիզային դրոշմապիտակները չեն

Ջրեղենի թանկացման պատճառը նոր ակցիզային դրոշմապիտակները չեն

Դեռեւս նախորդ շաբաթվանից հայկական շուկայում որոշ ապրանքատեսակների` ջրերի, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի գների բարձրացում նկատվեց: Հետաքրքիրն այն էր, որ գների բարձրացումը նկատվեց հենց այն ժամանակ, երբ այդ ապրանքների վրա սկսեցին փակցվել «Տեղական» նշումով ու բարկոդերով ակցիզային դրոշմապիտակները:

 

Ու բնական հարց առաջացավ` արդյոք այդ դրոշմապիտակնե՞րն են այդ ապրանքների թանկացման պատճառը, թե՞ ոչ: Դրոշմապիտակները շրջանառության մեջ դնելու ժամանակ ՊԵԿ-ը, իհարկե, նշել էր, որ այն նոր հարկային պարտավորություններ ու նոր ֆինանսական բեռ չի առաջացնի տնտեսվարողների համար: Հետեւաբար, դրանով պայմանավորված գների բարձրացում, բնականաբար, չպետք է լիներ:

 

«Մենք հարկային մարմիններին ներկայացնում ենք համապատասխան փաստաթղթեր, այդ փաստաթղթերով կատարում ենք վճարում, հարկային տեսչությունը մեզ տրամադրում է այդ դրոշմապիտակները: Մենք դրոշմապիտակների համար նախնական` կանխավճարի տեսքով, վճարում ենք 3.548 դրամ, հետագայում` օգտագործումից հետո, դա հաշվանցվում է մեր հարկերի դիմաց: Այսինքն` դա, որպես այդպիսին, ծախս չէ մեզ համար: Ընդամենը կանխավճար ենք վճարում` հետագայում այդ գումարը հարկերի տեսքով օգտագործելու պայմանով: Մեր ապրանքների թանկացման պատճառը, միանշանակ, դա չէ: Թանկացումների պատճառներն այլ են, տարբեր են ընդհանուր ծախսերից, տարբեր ֆակտորներից են կախված, իսկ դրոշմապիտակը, որպես այդպիսին, գների բարձրացման հետ ընդհանրապես կապ չունի»,- մեզ հայտնեց «Ջերմուկ Գրուպ» ընկերության ֆինանսական տնօրեն Խաչիկ Խաչատրյանը:

 

Նույն կամ գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ մեկ այլ տնտեսվարողից` «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանից, որն ավելի հայտնի է որպես «Նոյ» եւ «Բջնի» ջրերի արտադրող: «Եթե հետեւել եք շուկային, մեր ապրանքների մասով գնային բարձրացումներ չկան: Դրոշմապիտակները ոչ մի կերպ չեն անդրադարձել մեր ապրանքների գների վրա: Ըստ հայտարարված քաղաքականության` դրոշմապիտակները կանխավճարի տեսքով պետք է ձեռք բերվեն, իսկ գումարը հետագայում պետք է հաշվանցվի մեր հարկային հաշիվներին: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա առ այսօր մեր ընկերության եւ ոչ մի ապրանքնատեսակի վրա չի եղել գների որեւիցե բարձրացում: Հետագայում, քանի որ կան գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ թանկացումներ, մենք կուսումնասիրենք, թե դրանք ինչ ազդեցություն կունենան մեր ապրանքների հետագա ինքնարժեքի վրա, ու պարզ կլինի` թանկացում կունենա՞նք, թե՞ ոչ: Կոնկրետ տվյալ պահին որեւ թանկացում չունենք»,- հայտնեց գործարանի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը:

 

Հավանաբար, շուկայում որոշ ապրանքանիշերի ջրերի, հանքային ջրերի, զովացուցիչ ընմպելիքների, գարեջրի տեսակների թանկացումները, իրոք, ուղղակի պատահաբար համընկել են ակցիզային դրոշմապիտակների շրջանառության մեջ մտնելու հետ: Բայց այդ դեպքում դեռ բաց է մնում այն հարցը, թե այս շուկայում ինչով են պայմանավորված թանկացումները: Առավել եւս, երբ ՏՄՊՊՀ-ն շաբաթական երեք անգամ մոնիտորինգ է իրականացնում գերիշխող դիրք ունեցող, խոշոր սուպերմարկետներում եւ խոշոր ապրանքային շուկաներում, որոնք ընդգրկված են հանձնաժողովի ցուցակներում` լայն սպառման կարեւորություն եւ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքատեսակների շուկաներում:

 

Պարզվեց, որ ՏՄՊՊՀ-ն ոչ միայն նկատել է գնային բարձրացումները, այլեւ դեռեւս անցյալ հինգշաբթի օրվանից արդեն սկսել է ուսումնասիրություններ այդ ուղղությամբ. ուրբաթ օրը համապատասխան գրություններն ուղարկվել են տնտեսվարողներին, եւ նրանց տրվել է 7-օրյա ժամկետ` յոթ աշխատանքային օր, ու մյուս երեքշաբթի օրն արդեն պահանջվող ինֆորմացիան տնտեսվարողների կողմից պետք է տրամադրված լինի ՏՄՊՊՀ-ին:

 

«Նախորդ շաբաթվա մոնիտորինգը ցույց է տվել, որ գերիշխող մի քանի շուկաներում` դա հանքային ջուրն է, գազավորված զովացուցիչ ըմպելիքներն ու գարեջուրը, բոլոր այս երեք շուկաներում ունենք գերիշխող տնտեսվարողներ, այս շուկայում նկատվել են մինչեւ 30 դրամ գնային բարձրացումներ: Հանձնաժողովն այդ ոլորտում անմիջապես ուսումնասիրություն է սկսել, արդեն իսկ այդ ոլորտի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել է տեղեկատվություն ներկայացնելու պահանջ. Նրանցից պահանջել ենք ներկայացնել գնային փոփոխությունների վերաբերյալ եւ բոլոր-բոլոր տարրերի վերաբերյալ ինֆորմացիա: Այսինքն`բոլոր գնային բաղադրիչները խնդրել ենք ներկայացնել, թե ինչ է փոխվել ինքնարժեքի ձեւավորման մեջ, որ գնային բարձրացում է տեղի ունեցել: Հանձնաժողովը, հիմք ընդունելով տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվությունը, նաեւ լրացուցիչ այլ աղբյուրներից կհավաքագրի տեղեկատվություն, եւ կփորձենք հասկանալ այդ դաշտում տեղի ունեցող գնային փոփոխության պատճառը: Առաջիկայում ուսումնասիրությունը պատրաստ կլինի, եւ հանձնաժողովն իր տեսակետը պաշտոնապես կհայտնի»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:

 

Օրենքով ուսումնասիրության համար սահմանված է 90-օրյա ժամկետ, բայց քանի որ հանձնաժողովում ոչ մի ուսումնասիրություն այդքան չի ձգձգվել, Գ. Սահակյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովը կփորձի հնարավորինս արագ ավարտել այն եւ արդյունքները ներկայացնել հանրությանը: Իհարկե, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ թանկացումներ, համոզված ենք, որ այս թանկացումները արդարացված կհամարվեն…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ