կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 11:05
Տնտեսական

Անշարժ գույքի գները կտրուկ փոփոխություններ չեն կրել. Աշոտ Մուսայան

Անշարժ գույքի գները կտրուկ փոփոխություններ չեն կրել. Աշոտ Մուսայան

Թեեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն այսօր հանդես եկավ 2013 թվականն ամփոփող ու 2014 թվականի գերակա խնդիրներ ու ուղղությունները ներկայացնող ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների, ինչպիսի՞ գներ են եղել, քանի՞ գործարք է կնքվել եւ այլն:

 

Նա նշեց, որ չի ցանկանում ներկայացնել նախնական տվյալներ ու մեկնաբանություններ, քանի որ ընդամենը մի քանի օրից` հունվարի 25-ին կհրապարակվեն շուկայի վերլուծության`  նախորդ տարվա վերջնական մոնիտորինգի արդյունքները:

 

«Ընդհանուր միտումը կարող եմ ասել` ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե' մարզերում եւ թե' Երեւան քաղաքում: Գործարքների քանակն, իհարկե, նվազել է, նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երեւում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թվականի միտումների հետ` ներկայացրեց Աշոտ Մուսայանը:

 

Այնուհետեւ լրագրողների ճշտող հարցին, թե որքա՞ն է նվազել օտարման գործարքների ակտիվությունը, նա պատասխանեց, որ ակտիվությունը չի նվազել, ինքը ներկայացրեց ընդհանուր` օտարման, վարձակալության եւ այլ գործարքների քանակի մասին մեկնաբանություն:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե սիրիահայերի զանգվածային ներգաղթը Հայաստան ինչպես է ազդել անշարժ գույքի շուկայում գների վրա, Մուսայանը նշեց, որ սիրիահայերը հիմնականում սեփականության իրավունքով գույք ձեռք չեն բերում, ինչը մեծապես պայմանավորված է, թե նրանք ինչ վիճակում ու պայմաններում են եկել Հայաստան:

 

«Իհարկե, պետականորեն ծրագրեր են իրականացվում` նրանց համար բնակարաններ կառուցելու համար եւ այլն, բայց դա էական ազդեցություն չէր կարող ունենալ շուկայի վրա: Նրանք հիմնականում վարձակալության գործարքների վրա կարող են ազդել»,- պարզաբանեց նա:

 

Լրագրողները նրանից տեղեկացան նաեւ, որ սիրիահայերի համար Աշտարակ քաղաքի մերձակայքում կառուցվող Նոր Հալեպ թաղամասում մինչ այժմ ոչ մի միավոր անշարժ գույք դեռ չի գրանցվել: