կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-03 15:02
Մշակույթ

Երբեք չէի տեսել, որ տարին իր հետ այսքան մարդկանց սրբեր-տաներ

Երբեք չէի տեսել, որ տարին իր հետ այսքան մարդկանց սրբեր-տաներ

2013-ը շատ վատն էր, ես այսքան վատ տարի երբեւէ չեմ ունեցել, սպասում էի` շուտ վերջանա այս տարին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Մնջախաղի թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

 

Ըստ նրա, անիմաստ, անհասկանալի, անսպասելի զոհեր ունեցանք 2013-ին, ինչի համար էլ Դադասյանն ուզում է, որ տարվա «իզն ու թոզը» շուտ վերջանա, եւ նոր տարին շուտ մտնի հունի մեջ եւ այն կարգին տարի լինի:

 

«Վատն էր, շատ վատ տարի էր. ես երբեք չէի տեսել, որ մի տարվա մեջ այսքան մարդիկ սրբեր-տաներ: Ոգին ընկած է մեր ժողովրդի, իսկ ազգի ոգին ապահովվողը մտավորականն է: Ո՞վ պետք է մարդկանց տանի իր հետեւից. կարծում եմ` ոչ քաղաքական գործիչները, այն էլ` ընդդիմադիր համարվող, քանի որ այդ ֆոկուսը` ընդդմիադիր, իշխանամետ, էլ չի գործում: Միտքը պետք է առաջնորդի, ոչ թե այն մարդը, որը վատ թատրոն է խաղում` քաղաքականություն կոչվող թատրոն»,-ասաց Դադասյանը:

 

Նոր տարում առաջին հերթին, Դադասյանի հավաստմամբ, պետք է համապատասխան միջավայրի ստեղծման մասին մտածենք. ռաբիս երգիչներով, նրա կարծիքով, մենք այդ միջավայրը չենք ստեղծի: Ըստ Դասադյանի, եթե այսպես շարունակվի, տանելու է հիասթափության, իսկ ավելի վատ բան, քան` հիասթափությունը, չի կարող լինել:

 

«Բա որ ես էլ հիասթափվեմ, ես ինձ վրա աշխատում եմ, որ նման բան չլինի, բայց ես էլ եմ, չէ, մարդ: Այ մարդ, թարգեք ռաբիսը, արգելեք՝ ինչպես ստիպեցիք ամրագոտիներ կապել: Հոգեւոր անվտանգության համար պետք է արգելել այդ երաժշտությունը, քանի որ ռաբիսը զուտ երաժշտություն չէ, մտածողություն է, որը քայքայում է, ճահիճ է, որից դուրս գալ չի լինում»,-ասաց Դադասյանը:

 

Դադասյանի հավաստմամբ, նորմալ չէ, երբ մարդիկ պարտքով են Նոր տարին նշում: Նրա կարծիքով, մենք գտնվում ենք հոգեբանական ճնշված վիճակում, եւ այստեղ բոլորս ենք մեղավոր, որ մեզ գցել ենք կրակը:

 

Վերջում Դադասյանը նշեց, թե կցանկանար, որ պայծառ լինի 2014-ը, մանավանդ` այս տարի Մնջախաղի հիմնադրման 40-ամյակն է լրանում, չնայած` չգիտեն` որտեղ ենք նշելու հոբելյանը, քանի որ թատրոնի շենքի հարցը մնում է չլուծված: