կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 19:09
Առանց Կատեգորիա

Տիգրան Սարգսյանի գազային մանիպուլյացիան

Տիգրան Սարգսյանի գազային մանիպուլյացիան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ծավալուն ասուլիսից միակ հուսադրող տեղեկատվությունն այն էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հաստատելու ժամանակ նշել է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր չեն լինելու: Սա հույս է ներշնչում, որ գոնե այս հարցում Հայաստանը կարողացել է դիմագիծ ցույց տալ: Իսկ, ընդհանուր առմամբ, ասուլիսը կարելի է համարել հերթականը` Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության գործունեության արդյունքները կամ, ավելի ճիշտ, դրանց էական բացակայությունն արդարացնելու տեսանկյունից: Նա, անուշադրության մատնելով, պարզապես շրջանցում էր իր և իշխանության համար ամենասուր հարցերը, իսկ կառավարության բացթողումների և ձախողումների փոխարեն միանգամից սկսեց խոսել ձեռքբերումների մասին, որոնց մեծ մասը կա'մ երկրորդական նշանակության էին, կա'մ առնչվում էին կենսաթոշակային համակարգում իրականացվող չափազանց վիճահարույց բարեփոխումներին:

 

Ասուլիսը, վարչապետի պարզաբանումները դեռ կքննարկվեն: Դրանք առանձին-առանձին լուրջ խորքային դիտարկումների տեղիք են տալիս, որոնց դեռ կանդրադառնանք: Այս պահին, սակայն, կարելի է արձանագրել մեկ բան` ասուլիսի հիմնական թեմաներից մեկի` հայ-ռուսական գազային համաձայնագրերի նշանակության և հետևանքների մասով վարչապետի մեկնաբանություններն ու բացատրությունները ոչ միայն հստակեցումներ չմտցրեցին, այլև մի քանի կետերով նույնիսկ նոր հարցադրումներ առաջացրեցին: Մասնավորապես` Տիգրան Սարգսյանը նշեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության համար այդ համաձայնագրով արտոնյալ հարկային ռեժիմ է սահմանվել 30 տարի այն պատճառով, որ ընկերությունը, որպես ներդրող, իշխանություններից երկարաժամկետ կտրվածքով հարկային ու մաքսային քաղաքականության կայունություն և կանխատեսելիություն է պահանջում: Եվ քանի որ էներգետիկայում գները պետության, այլ ոչ թե շուկայի կողմից են կարգավորվում, իրենք պետք է ամեն ինչ անեին` ներդրումների կայուն և վստահելի միջավայր ձևավորելու համար: Ըստ էության` առաջին անգամ վարչապետի մակարդակով հայտարարվեց, որ այդ արտոնությունները «Գազպրոմ»-ին տրվում են` ներդրումներ անելու համար: Սակայն տարօրինակ կերպով Տիգրան Սարգսյանը ոչինչ չասաց այն մասին, թե որտե՞ղ է ռուսական ընկերությունը պատրաստվում անել այդ ներդրումը, ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը, ի՞նչ տեսք է այն ունենալու: Սրանք երկրորդական հարցեր չեն, որովհետև դրանց պատասխանից է հասկանալի դառնալու, թե ինչի՞ դիմաց է Հայաստանը համաձայնել հրաժարվել օրենսդրական իր սուվերեն իրավունքներից:

 

Երկրորդ` եթե «Գազպրոմ»-ին կառավարությունը նման զիջումներ է անում, հատկապես` ներդրումների երկարաժամկետ ապահովագրման համար, ապա դա ենթադրում է, որ սա ոչ թե անհատական մոտեցում է կոնկրետ «Գազպրոմ»-ի նկատմամբ, այլ պետական քաղաքականություն: Վարչապետն այդ տպավորությունն էլ փորձեց ստեղծել` բերելով այն փաստարկը, թե հենց այդ պատճառով նույնպիսի հարկային արտոնություններ են նախատեսվում նաև Որոտանի ՀԷԿ-ը գնելու հարցում շահագրգռություն դրսևորող ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերության համար: Եթե այդպես է, ապա պետք է ենթադրել, որ կառավարությունը պատրաստ է անհատական կարգով նման հարկային ռեժիմներ սահմանել, գույք, եկամուտներ երաշխավորել և շահերի դեմ ուղղված որևէ գործողություն չձեռնարկել նաև անխտիր բոլոր այն ընկերությունների համար, որոնք կցանկանան ներդրումներ կատարել պետական կարգավորման ենթակա բոլոր ոլորտներում: Որքան էլ տրամաբանություն ունենա արտաքին ներդրողներին ներգրավելուն ուղղված այս քաղաքականությունը, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում հարկային քաղաքականությունն այսուհետ իրականացնելու է ոչ թե կառավարությունը` ելնելով Հայաստանի շահերից, այլ պոտենցիալ ու իրական ներդրողները` բնականաբար, ելնելով յուրաքանչյուրն իր կորպորատիվ շահերից: Բայց եթե անգամ ընդունենք, որ սա ճիշտ մոտեցում է, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ գործադիրը որոշեց այս քաղաքականությունն սկսել հենց «Գազպրոմ»-ից և հենց Ռուսաստանի հետ գազային պայմանավորվածություններից, այն դեպքում, երբ ներդրումային միջավայրի բարելավումը, որպես տնտեսության աշխուժացման առաջնահերթություն, կառավարությունն իր ծրագրերում ամրագրել էր դեռևս 2008թ.:

 

Վարչապետի առաջադրած մյուս գլուխկոտրուկը վերաբերում էր Հայաստան մատակարարվող գազի գնագոյացմանը: Այն հանգամանքը, որ գազը սահմանին «Հայռուսգազարդը» ստանում է 1000 խմ-ի դիմաց 189 դոլար սակագնով, իսկ ներքին սպառողին այն տրվում միջինացված` 310 դոլար/1000 խմ հաշվարկով, որը, ի դեպ, գրեթե հավասար է այն սակագնին, որով Ռուսաստանը գազ է վաճառում եվրոպական երկրներին, Տիգրան Սարգսյանը բացատրում է հիմնականում «Գազպրոմ»-ի ներքին ծախսերով: Այն բանից հետո, երբ կառավարությունը վաճառեց «Հայռուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը, հայկական կողմը զրկվեց նաև ընկերության այդ ծախսերի իրատեսականությունը ստուգելու, առհասարակ` այդ ընկերությունում որևէ աուդիտ անցկացնելու, վերահսկելու իրավունքից: Հիմա արդեն որևէ մեկը չի կարող հիմնավորել, թե որքանով է իրական կամ ուռճացված, իբրև ծախս, գազի սակագնում ներկայացվող չափաբաժինը: Ընդհանրապես այլևս անտրամաբանական է դառնում իշխանության պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հնարավոր ամենաէժան գնով` 189 դոլարով: Որովհետև «Գազպրոմը» այդ գնով գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ իր դուստր ընկերությանը` «Հայռուսգազարդ»-ին, որն արդեն գազը ներքին սպառման շուկա է բաց թողնում վերոնշյալ 310 դոլարով: Սա նշանակում է, որ Ռուսաստանը ԱԺ-ում վավերացված համաձայնագրով հենց այդ գնով է 5 տարի գազ մատակարարելու Հայաստանին: Ընդ որում` հայկական կողմը ոչ մի լծակ չունի այլևս` գազի գնագոյացման վրա ազդելու` նաև այն առումով, որ վավերացված համաձայնագրերով ընդհանրապես հանվել է այդ հարցում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորիչ դերակատարությունը, ինչի մասին, ի դեպ, ԱԺ քննարկումների ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀՀԿ անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Պարզ ասած` ՀԾԿՀ-ին մնալու է ընդամենը սուսուփուս հաստատել «Հայռուսգազարդ»-ի առաջարկած կամ պարտադրած ցանկացած սակագին` չունենալով վերլուծություն կատարելու և, օրինակ, այդ առաջարկը նվազեցնելու լծակ: Մինչդեռ այս ամենի մասին պարոն վարչապետը համեստորեն լռում է` այդ գործարքը և «վավերացված» համաձայնագրերը գրեթե որակելով դարի մեծագույն հաջողությունը Հայաստանի համար:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ