կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 18:41
Քաղաքական

Մանվել Բադալյանը մտավ Աղվան Հովսեփյանի ''բոստանը''

Մանվել Բադալյանը մտավ Աղվան Հովսեփյանի ''բոստանը''

Միասնական քննչական մարմնին վերաբերող` շուրջ 17 օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն այսօր չստորագրվեց կառավարության կողմից:

 

Երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց նախագիծը, Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հարց բարձրացրեց, թե արժե՞, արդյոք, ստեղծել պետական ծառայության մի նոր տեսակ:

 

«Այստեղ` մեր պետական քաղաքականության,  ռազմավարության մեջ, հանրային ծառայության իմաստով` ավելի, շատ միասնականացման խնդիր ունենք' Արեւելյան գործընկերության իմաստով, բազմաթիվ այլ ծրագրերով, բայց մենք տարբեր, տարատեսակ ծառայություններ ենք ստեղծում: Եթե թույլ կտաք, մենք էլ ունենք առաջարկություններ»,- ասաց Բադալյանը' դիմելով վարչապետին:

 

Իրենց հարցերն ունեին նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ու ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

 

Անդրադառնալով բարձրացված հարցերին' Հրայր Թովմասյանը նշեց, որ Արթուր Օսիկյանի ու Դավիթ Սարգսյանի առաջարկությունների մի խումբ վերաբերում էր սոցիալական երաշխիքներին. այս պահին այն մարմինները, որտեղ աշխատում են քննիչները' ոստիկանությունում եւ  ՊՆ-ում, համարվում են զինվորասկաններ' դրանից բխող բոլոր երաշխիքներով:

 

«Այս նախագծով բոլորը հավասարեցված են զինվորականներին, եւ, մասնավորապես, ծառայությունից 20 տարի հետո կենսաթոշակների անցնելու գլխավոր դրույթը չկա: Եվ այս հարցին, բարձրացված Արթուր Օսիկյանի կողմից, պետք է անդրադառնալ: Այստեղ մինչեւ կառավարություն ներկայացնելը, ինչպես արեցինք դատախազության պարագայում եւ անցումային դրույթ սահմանեցինք, այդ ժամանակահատվածում այն անձինք, ովքեր ունեին այդ իրավունքը, թույլատրեցինք 3 տարում անցնել: Այդ դրույթը եւս ամրագրել նաեւ քննիչների համար, ովքեր ոստիկանությունից, ՊՆ-ից են փոխադրվելու այստեղ»,- նշեց Հրայր Թովմասյանը:

 

Իսկ ինչ վերաբերում է քաղծառայությանը, ըստ արդարադատության նախարարի, այս նախագծերը հիմնականում պատրաստել է ՀՀ նախագահի կողմից ձեւավորված հանձնաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է նաեւ քաղծառայության խորհրդի ներկայացուցիչը:

 

«Ինչ վերաբերում է հատուկ ծառայություն սահմանելուն, թե` ոչ, ապա մենք թե' դատախազությունում, թե' այլ մարմիններում ունենք: Ընդհանուր առմամբ' եթե միայն քննիչների թիվը հաշվենք, թե որքան է աշխատելու, մոտ 500 մարդու մասին է խոսքը, քննիչների, վարչության պետերի, բաժնի պետերի մասին է խոսքը, որոնց սպասարկելու է այս դեպարտամենտը»,- ասաց Հրայր Թովմասյանը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հանձնարարեց, մինչեւ փաթեթը ԱԺ ուղարկելը, բարձրացված հարցերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ եւ նոր ներկայացնել ստորագրման: