Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ռուսական գազային համաձայնագրերը ցանկացած պարագայում դրվելու էին քվեարկության, և խորհրդարանը դրանք համարելու էր վավերացված` անկախ այն բանից` ԱԺ ոչ իշխանական ուժերը կմասնակցեի՞ն քվեարկությանը, թե՞ ոչ: Այս ուժերը կարող էին նաև մնալ դահլիճում և դեմ քվեարկել: Բայց դա ենթադրում է, որ անգամ եթե Զարուհի Փոստանջյանը հավաքեր քվեարկության քարտերը մեծամասնության պատգամավորների համակարգիչներից, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պետք է մասնակցեին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին և ստորագրություն դնեին այն քվեարկությունն ամրագրող որոշման ներքո, որը իրավական ուժ էր տալու մերժելի համաձայնագրերին: Դա նույն էֆեկտն էր ունենալու, ինչ եթե բոյկոտած խմբակցությունները մասնակցեին էլեկտրոնային քվեարկությանը և դեմ քվեարկեին: Որովհետև տվյալ դեպքում էականը պրոցեսին մասնակցությունն էր դառնում, ոչ թե վերջնական արդյունքը: Իսկ մասնակցությունը նշանակում էր լեգիտիմացնել համաձայնագրերի վավերացումը:
ԱԺ դահլիճը լքելու, այսինքն՝ քաղաքական բոյկոտի տարբերակն ընտրելով, իհարկե, այդ ուժերը չկանխեցին վավերացումը: Եթե նույնիսկ ԱԺ-ում իրական քվորում էլ ապահովված չլիներ, միևնույն է, ուրվականների միջոցով ՀՀԿ-ն հասնելու էր ցանկալի արդյունքի գրանցմանը: Այս իմաստով բոյկոտը ոչ իշխանական ուժերի համար ընդամենը տակտիկական խնդիր էր լուծում: Մի կողմից այն վավերացման քվեարկությունը վիճարկելու, այսինքն՝ համաձայնագրերի ընդունման իրավական հիմքը խարխլելու սողանցք էր թողնում, քանի որ քարտերի բացակայությամբ ստեղծված իրավիճակում արդեն պարզ էր, որ խնդիրը տեղափոխվում է հսկիչ հանձնաժողովի իրավասության դաշտ, իսկ այստեղ առանց բոյկոտող խմբակցությունների մասնակցության արդյունքների ամրագրումը հնարավոր չէր լինելու: Դա իրավիճակային լուծում էր, քանի դա հնարավոր դարձավ միմիայն ԱԺ նախագահի կողմից բաց քվեարկություն անցկացնելու՝ հապճեպ կայացրած որոշման արդյունքում: Մյուս կողմից՝ տեսականորեն չի կարելի բացառել, որ բոյկոտելու հիմնական պատճառներից կարող էր լինել նաև դեմ քվեարկելու պատասխանատվությունից խուսափելը: Բայց ոչ մի տարբերություն չկա` խմբակցությունը ԱԺ ամբիոնից հայտարարում է համաձայնագրին դեմ քվեարկելո՞ւ մասին, թե՞ կատարում է այդ քվեարկությունը: Ի՞նչ տարբերություն` պատասխանատվությունը ստանձնում է քաղաքական դիրքորոշում հստակեցնող հայտարարությա՞ն համար, թե՞ նույն դիրքորոշումից բխող քվեարկության: Սակայն առնվազն տարօրինակ է, որ փորձ է արվում դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում ծավալված այդ դրամատիկ իրադարձություններից առանձնացնել ոչ այնքան ԱԺ կոալիցիոն մեծամասնության պահվածքը, որքան փոքրամասնության տակտիկան: Տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում կարևորը նույնիսկ ոչ թե ընթացքն է, կողմերի ընտրած մարտավարությունը, այլ արդյունքը: Իսկ արդյունքն այն է, որ առնվազն ամենայն լրջությամբ խարխլված է այդ համաձայնագրերի վավերացման իրավական հիմքը: Սա նշանակում է, որ, կախված քաղաքական իրավիճակից, ցանկացած պարագայում կարելի է դատական կարգով կամ առանց դրա էլ հասնել համաձայնագրերի վավերացումը առ ոչինչ համարելուն: Փաստացի դրանք ուժի մեջ մտած են համարվում միմիայն այն պատճառով, որ գործող իշխանությունն այդպես է ցանկանում` ելնելով քաղաքական ինչ-որ ռեալներից, հաշվարկներից կամ այլ հանգամանքներից:
«Գազպրոմը» չի կարող հանգիստ լինել, որ իրավիճակի շրջադարձային փոփոխության, Հայաստանում հանկարծակի իշխանափոխության դեպքում կրկին չի դրվելու այդ համաձայնագրերի իրավական հիմքը վերանայելու, դրանից հայկական կողմի հրաժարվելու հարցը: Իրականում դեկտեմբերի 23-ին խորհրդարանական ոչ իշխանական ուժերի արածը, ինչպես նաև դրանից հետո ստուգիչ հանձնաժողովի որոշմամբ այդ համաձայնագրերի վավերացումը առ ոչինչ դարձնելու ձեռնարկը չափազանց մեծ նվեր է իշխանությանը, որն իր ձեռքին արդեն ունի ռուսական հնարավոր ու գրեթե անխուսափելի կապրիզների դեմն առնելու, ազգային ու պետական շահերին հակասող պրոցեսները կասեցնելու կարևոր լծակ: Ողջ հարցն այն է` ցանկություն ունի՞ ընդհանրապես իշխանությունը դրա տակ նաև օգտակարություն տեսնելու և կամք կունենա՞ անհրաժեշտության դեպքում կառչելու համաձայնագրերի վավերացման այդ ճաքերից:
Մյուս կողմից՝ համաձայնագրերի վավերացումն ապօրինի ճանաչելու շուրջ, կարծես, սաղմնավորվում է խորհրդարանական ընդդիմադիր տանդեմ: Ի հայտ է եկել այդ դաշտում գործող ուժերի մոտիվացման կարևոր ազդակ, որը կարող է նաև խորհրդարանից տեղափոխվել հասարակական-քաղաքացիական հարթություն: Ավելի ճիշտ՝ ոչ թե կարող է, այլ պարտավոր է, քանի որ դրա այլընտրանքը հերթական անգամ սեփական ձախողման ճանաչումն է լինելու: Պարզ է, որ ընդդիմությունը կարող է գործընթացը տանել վավերացման քվեարկության արդյունքները չեղարկելու ուղղությամբ, որի նպատակահարմարության մեջ, ի դեպ, կրկին տակտիկական իմաստով, դեռ պետք է լիարժեքորեն համոզված լինել: Բայց որքան էլ պարզ լինի, թե ինչով է դա ավարտվելու, ակնհայտ է, որ սա քաղաքական, այլ ոչ թե իրավական խնդիր է, հետևաբար, ինչպես կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ սկսված արշավը, պահանջում է քաղաքական գործակազմ: Ավելի լավ է միմյանց հետ լուրջ դիրքային, գաղափարական կամ անձնավորված խնդիրներ ունեցող այս ուժերի կողմից լինի քաղաքական պրոցես, քան այն չլինի ընդհանրապես: Որովհետև հակառակ դեպքում, ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է պատկերավոր ասել, նրանց տեղը պարզապես կլցնեն հանրապետականները:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ