Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։
Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», - նշված է հայտարարությունում։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ընդդիմադիր «Հայատսան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար են եղել այն վավերացնելուն համաձայնություն տալու համար։