Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։
Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել է 6,4 տոկոսով։
Արդյունաբերությունը գրանցել է 0,9 տոկոս աճ, որը, 2020 թվականի հունվար-հուլիսի համեմատ, նվազել է 0,4 տոկոսով։
Նմանատիպ իրավիճակ ունենք նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում․ հունվար-հուլիսի համեմատ՝ աճը դանդաղել է 1,5 կետով՝ կազմելով 1,9 տոկոս։
Շարունակում են անկում գրանցել շինարարության (-19,1%), առևտրի (-11,5%) և ծառայությունների (-10,8%) ոլորտները:
Միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը նվազել է 0,3 կետով՝ կազմելով 4,7 տոկոս։
2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 0,9 կետով բարելավվել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով -10,2 տոկոս․ արտահանումը անկում է գրանցել -6 տոկոսով, իսկ ներկրումը՝ -12,4 տոկոսով։
Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում գործող իշխանությունները և նրանց համակիր մասնագիտական շրջանակները հող էին նախապատրաստում, որ Հայաստանի տնտեսությունը օգոստոսին կկոտրի անկման տեմպը, և մենք կանցնենք ճգնաժամի պիկը։ Եվ կանխատեսելի էր, որ վիճակագրությունը չէր կարող «չարձագանքել» նման քաղաքական ճնշումներին։ Եթե 2020 թվականի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել էր 10,2 տոկոսով, ապա օգոստոսին անկումը եղել է -9,8 տոկոս, այսինքն՝ անկումը կրճատվել է 0,4 տոկոսով, ունենք «դրական» դինամիկա։ Անընդունելի և դատապարտելի է, որ իշխող ուժը, քաղաքական նպատակահարմությունից ելնելով, թվանկարչությամբ է զբաղվում՝ չգիտակցելով, որ դրանով ինքն իրեն ավելի վատ դրության մեջ է դնում, քանի որ իրականությունից կտրված և սխալ ազդակներ են փոխանցում բիզնեսին և ազգաբնակչությանը։ Հետագայում նաև թվանկարչության պատճառով նույն կառավարությունը կորցնելու է իր վստահությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների և երկրների մոտ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ
Սուրեն Պարսյան