կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 17:02
Քաղաքական

Հայաստանը Ռուսաստանի համար ֆորպոստ է. Ալեքսանդր Գուսեւ

Հայաստանը Ռուսաստանի համար ֆորպոստ է. Ալեքսանդր Գուսեւ

Հայաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացումը, իհարկե, Ռուսաստանի  համար ստրատեգիական կարեւորություն ունի. այսօր կայացած` Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նշեց ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը` ավելացնելով, թե Ռուսաստանն այժմ հետխորհրդային տարածքում ինչ-որ կոնֆիգուրացիա է կառուցում, դա ակնհայտ է, եւ դա չպետք է դիտարկել այն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, որ Եվրոպայում են ընթանում:

 

Նրա խոսքերով' թե' Ռուսաստանի կողմից են եղել մի շարք ստրատեգիական նշանակության սխալներ, թե'  Հայաստանն էր որոշակի փուլում իր հայացքն ուղղել դեպի Եվրամիություն, բայց երկու երկրների ցուցաբերած ուժի ու քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր եղավ դուրս գալ այնպիսի մակարդակի, որ գիտակցվի` Հայաստանի ինտեգրացիան Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի ինտեգրացիան Հայաստանի հետ անհամեմատ կարեւոր են, քան եվրաինտեգրացիան:

 

«Ինչ վերաբերում է Հայաստանում ստորագրված համաձայնագրերին ու սպասելիքներին, ապա պարզ է` թե' Երեւանում, թե' Մոսկվայում կան մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց ռուս փորձագետն` իր խոսքը համեմելով ասացվածքով` «Cобака лает, караван идет»:

 

 

Փորձագետի կարծիքով` կարելի է երկար խոսել այն օգուտներից, որ կստանա Հայաստանը` Մաքսային միությանը անդամակցելով: «Դրանք հայտնի են, առաջին հերթին` գազի գնի կապակցությամբ»,- նշեց նա:

 

Իսկ այժմ, ըստ Ալեքսանդր Գուսեւի, ե'ւ Հայաստանը, ե'ւ Ռուսաստանը գտնվում են ընդհանուր ճանապարհի ամենասկզբում, եւ հասկանալի է, որ երկու երկրների հարաբերությունների քաղաքական ու տնտեսական կոնֆիգուրացիաները կկրեն որոշակի փոփոխություններ' կապված կովկասյան տարածաշրջանում ու աշխարհում ընթացող պրոցեսների հետ:

 

«Դրա համար, իհարկե, Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ինքնատիպ ֆորպոստ Կովկասում, եւ հասկանալի է, որ այն քաղաքական գործընթացների պայմաններում, որ ընթանում են բուն Հայաստանում, այն գործընթացների, որ ընթանում են Վրաստանում կամ արդեն իրականացել են, ամեն դեպքում` Ռուսաստանը ունի խիստ որոշակի վերաբերմունք Վրաստանի կապակցությամբ, այդ պայմաններում Հայաստանը որոշակի ֆորպոստ է Ռուսաստանի համար Կովկասում»,- եզրափակեց Ալեքսանդր Գուսեւը: