կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 13:30
Քաղաքական

Դիվանագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ հասարակությանը ոչինչ չասեն. Ալեքսանդր Արզումանյան

Դիվանագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ հասարակությանը ոչինչ չասեն. Ալեքսանդր Արզումանյան

Երեկ` սեպտեմբերի 2-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում դռնփակ ձևաչափով հանդիպել էր ԱԺ պատգամավորների հետ` քննարկելու Հայաստանին վերաբերող արտաքին քաղաքական կարևորագույն հարցերը: Այսօր լրագրողները ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին հարցրեցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել: Պատգամավորն ասաց, որ այդ հարցով վիրավորում են իրեն, որովհետև այդ հանդիպումը փակ է եղե, որպեսզի որևէ բան չհրապարակվի քննարկումների վերաբերյալ:

 

Yerkir.am-ի  հարցին, թե գուցե գաղտնիքների մասի՞ն է խոսվել, որ չեն ցանկանում հրապարակել, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ոչ մի գաղտնիք էլ չի եղել, ուղղակի ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը փակ է լինելու, և քննարկումների մասին չեն խոսելու»:

 

Yerkir.am-ի մեկ այլ հարցին, թե նորմա՞լ է համարում նախկինում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած պատգամավորը, որ արտգործնախարորությունը խիստ փակ է գործում Հայաստանի քաղաքացիների համար կարևորագույն որոշումների պարագայում, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Արտգործնախարարությունը չի կարող գործել բաց դաշտում, դա դիվանագիտական նորմ է: Այլ հարց է, որ նախարարությունը թափանցիկ չի գործում: Կան երկրներ, որտեղ արտաքին քաղաքական դիվանագիտական որոշումների վրա 30-40 տարով գաղտնիության  կնիք է դրվում, դա պրակտիկա է: Իհարկե, կան թերացումներ արտաքին գործերի նախարարության աշխատանքներում, բայց եթե բանակցություններ են վարվում, չենք կարող հարցնել, թե ինչ են խոսել ու պայմանավորվել: Դիվանագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ հասարակությանը ոչինչ չասեն»:


Նշենք, որ ոչ վաղ անցյալում խորհրդարանում Ալեքսանդր Արզումանյանը, դժգոհելով արտգործնախարարության ոչ թափանցիկ գործելաոճից, ասել էր, որ իմաստ չունի առանձին գերատեսչություն պահել և կարելի է սահմանափակվել` արտաքին քաղաքականության վերաբերյալ կայք ունենալով: