կարևոր
5677 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 23:31
Աշխարհ

Մարդ-լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար. մահացել է Ալեքսանդր Խարչևսկին

Մարդ-լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար. մահացել է Ալեքսանդր Խարչևսկին

Կյանքի 75-րդ տարում մահացել է զինվորական օդաչու-դիպուկահար, Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, Լիպեցկի ավիակենտրոնի նախկին պետ, «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը։

«Յուրաքանչյուրը, որ գոնե մեկ անգամ եղել է ավիաշոուին և տեսել Խարչևսկու բարձրագույն պիլոտաժը, հաստատապես մտածել է` իսկ ընդհանրապես կարո՞ղ են ինքնաթիռներն այդպես թռչել։ Իսկ երբ հասկացել են, որ բարձր պիլոտաժի նման հնարքներ կատարողը 70 տարեկան է, ավելի են զարմացել… Մարդ-լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար»,- գրել է Արտամոնովը։

Նրա խոսքով` Խարչևսկին ավելի քան 50 ուսումնական մարտ է իրականացրել օտարերկրյա ռազմական օդաչուների հետ միջազգային մրցումների ժամանակ և յուրաքանչյուրից դուրս եկել հաղթած։

«Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խումբը ստեղծվել էր 1993 թվականին ՌԴ ՌՕՈւ Լիպեցկի ավիակենտրոնի հենքի վրա` կատարելագործելու կործանիչների թռիչքային հմտությունները, ինչպես նաև Սու-27 ինքնաթիռների մանևրելու և օդաչուների մասնագիտական պատրաստության հնարավորությունները ցուցադրելու համար։ Այն միակ պիլոտաժային խումբն է, որը մարտական ինքնաթիռներով ցուցադրում է օդային մերձամարտի հնարքները մեծ արագությունների և գերցածր բարձրության վրա։