կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 12:33
Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բազմակի  մրցանակակիր, 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց իր ապագա ծրագրերի մասին և նշեց, որ սկսել է մարզվել:

 

«Ինչպես խոստացել էի, որ  բալիկիս ծնունդից հետո, վերադառնալու եմ մեծ սպորտ, կատարեցի խոստումս:  Արդեն երկուս ու կես  ամիս է`  մարզվում եմ: Պատրաստվում եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այնուհետև աշխարհի առաջնությունն է, որը օլիմպիական խաղերի համար  վարկանիշային է: Ես կարողանում եմ համատեղել սպորտը և ընտանիքը: Սկեսուրս երեխայի խնամքը վերցրել է իր վրա, որպեսզի ես կարողանամ լիարժեք անցկացնել մարզումներս: Երկար դադարից հետո առաջին անգամ ծանրաձողին մոտենալը խորթ էր ինձ համար, բայց արդեն բարձրացնում եմ 100 կիլոգրամ: Ես հիմա մարզումներիս տրամադրում եմ մեկուկես ժամ, երբ բալիկիս մի փոքր մեծանա կսկսեմ ավելի շատ մարզվել: Եվրոպայի առաջնությանը փորձելու եմ կրկնել իմ ցույց տված արդյունքը, եթե չստացվի մեդալ նվաճել` առջևում աշխարհի առաջնությունն է: 

 

Ամեն անգամ ծանրաձողին մոտենալուց առաջ ես հարցնում եմ մարզիչին՝  կարո՞ղ եմ բարձր արդյունքներ ցույց տալ: Եթե նա ասում է` այո, ես հավատում եմ: Մարզիչս  ասել  է, որ եթե մարզումներս շարունակեմ այսպես, կհասնեմ առաջվա մարզավիճակիս: Երկար ընդմիջումից  հետո մի փոքր վախ կա, բայց պետք է վստահ լինել ուժերին»,- ասաց Խուրշուդյանը:

 

 Խոսելով արգելված խթանիչներ օգտագործելու  պատճառով որակազրկված հայ մարզիկների մասին` ծանրորդուհին ասաց. «Ցավում եմ նման դեպքերի համար, իմ կարծիքով` պետք է վերանա դոպինգ ասվածը, և մարզիկները պետք է սկսեն մրցել իրենց ուժով»: