կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 12:58
Տնտեսական

Իրանի դեսպանը բացահայտեց նախարարի սուտը

Իրանի դեսպանը բացահայտեց նախարարի սուտը

Իրանից Հայաստան գազի մատակարարաման եւ գազի գնի վերաբերյալ անհրաժեշտ է բանակցել Իրանի Գազի ազգային ընկերության հետ, բայց մեկ ամիս առաջ` Թեհրան այցի ժամանակ, Իրանի նախկին նախարարը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հայտնել է, որ իրենք հավատարիմ են այն պայմանավորվածությանը, որ ձեռք է բերվել Հայաստանի հետ: Այս մասին լրագրողներին այսօր պատմեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին:

 

Այսինքն, ըստ դեսպանի, այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը որեւէ փոփոխության չի ենթարկվել:

 

«Ինչ մնում է գազի գնին, ապա, նորից եմ ասում, նախ պետք է հստակեցնել, թե ռուսական գազի գինն ինչքան է, հետո` իրանական գազի գինը, եւ հետո որոշել, թե որն է թանկ, որը` էժան: Բայց այստեղ մի բան էլ կա` գուցե մի ինչ-որ երկրի  1000 խմ գազը վաճառվի 400 դոլարով, մեկ այլ երկրի` 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունից: Ես ուղղակի դեռեւս չեմ տեսել որեւէ պայմանագիր, որտեղ նշված լինի` 1000 խմ գազը` 189 դոլար: Այսինքն` պետք է  նստել, քննարկել: Սովորաբար բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են գալիս եւ որոշում են մի որեւէ թիվ, որը պետք է լինի գինը: Եթե բոլոր բանակցությունների արդյունքը մեզ համար պարզ լինի, այն ժամանակ մեզ համար շատ հեշտ կլինի գնի հարցը որոշել»,- ասաց Մուհամմադ Ռեյիսին` հավելելով, որ Իրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Իրանից Հայաստանին մատակարարվող կամ մատակարարվելիք գազի գնի վերաբերյալ բանակցություններ չեն ընթացել:

 

Իրանի դեսպանը անդրադարձավ նաեւ ներկա դրությամբ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա` էլեկտրաէներգիա գազի դիմաց բարտերային ծրագրին, քանի որ, ըստ Ռեյիսիի, ինքն ամբողջովին տիրապետում է, թե ինչ բանաձեւով է ամբողջն արվում. նա տեղեկացրեց, որ այդ գործարքը լիովին բխում է Հայաստանի շահերից: «Այսինքն` 1 խմ գազի դիմաց 3 ԿՎտ էլեկտրաէներգիան որեւէ կերպով Իրանի համար շահավետ չէ: Բայց Իրանի կառավարությունն այն ժամանակ որոշեց, որ Հայաստանի համար այդ քայլն անում է: Եվ հիմա էլ հավատարիմ է այդ պարտավորությանը, որ ստանձնել է»,- տեղեկացրեց դեսպանը:

 

Հիշեցնենք, որ «Էլեկտրաէներգիա' գազի դիմաց» ծրագրով Հայաստանը Իրանին յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց տալիս է 3 ԿՎտ էլեկտրաէներգիա, որը, դրամական արտահայտությամբ, կազմում է մոտ 181 դոլար` 1000 խորանարդ մետր գազի դիմաց:

 

Լրագրողների հարցին` Իրանի համար նշանակություն ունի՞` գազի դիմաց կստանա էլեկտրաէներգիա՞, թե՞ էլեկտրաէներգիայի համարժեք գումարը, Իրանի դեսպանը պատասխանեց, որ Իրանը էլեկտրաէներգիայի կարիք չունի, ինքը էլեկտրաէներգիա արտադրող է, պարզապես հենվելով Հայաստանի հետ տնտեսական համագործակցության եւ հատուկ վերաբերմունքի վրա, որ ունի Հայաստանի նկատմամբ,  այդ ծրագիրն իրականացնում է:

 

«Մենք ինքներս էլեկտրաէներգիա ենք արտահանում Պակիստան եւ այլ երկրներ: Այսինքն` կարիք չունենք էլեկտրաէներգիայի ներմուծման: Բայց հարեւանների նկատմամբ ոչ միայն բարոյական, այլեւ բարեկամական պարտավորություններ ունենք»,- նշեց դեսպանը' մասնավորեցնելով, որ, իհարկե, Իրանը կնախընտրի էլեկտրաէներգիայի փոխարեն գազի դիմաց ստանալ համապատասխան գումարը: