կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 18:41
Առանց Կատեգորիա

Նախարարի սուտը բռնվեց. ''Սպայկա''-ն այլեւս չի մթերում

Նախարարի սուտը բռնվեց. ''Սպայկա''-ն այլեւս չի մթերում

Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելեց գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերություն, ինչից անմիջապես հետո հայտարարեց` ծիրանի մթերման հետ կապված խնդիրները լուծված են. «Ծիրանի մթերման գործընթացը մեկուկես ամիս դեռ կշարունակվի: Հուսով ենք, որ անցած տարվա տվյալները կգերազանցենք»։ Նախարարը մի կարեւոր խոստում եւս տվեց` լինելու են նույն գները, ինչ նախորդ տարի. հիմա ծիրանը մթերվում է 400-500 դրամով: Իհարկե, չմոռացավ ասել, որ «մի քանի օրից կսկսվի վերամշակման գործընթացը, երբ գները բավականին կիջնեն»։ Սերգո Կարապետյանը նաեւ վստահեցրեց, որ արտահանման հետ կապված  խնդիրներ ընդհանրապես չկան։

 

Հարցին, թե նախարարության կողմից որեւէ առանձնահատուկ վերաբերմունք կա՞ ընկերության նկատմամբ, նախարարը պատասխանեց` ոչ, պարզապես «Սպայկան» այս ոլորտի ամենախոշոր արտահանող ընկերությունն է եւ մեծապես նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։

 

Ստիպված եմ փաստել` նախարարը ստել է` ոտքից գլուխ, նշված բոլոր կետերի մասով: Քիչ առաջ մեզ ահազանգեցին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչները՝ ասելով, որ մոտ երկու ժամ առաջ «Սպայկա» ընկերությունը դադարեցրել է ծիրանի մթերումը: «Ասում են՝ ծիրանը հասել է, Մոսկվայում գինը էժան է, ձեռք չի տալիս»,- ասաց գյուղի բնակիչ Արթուր Հակոբյանը, ով ունի իր համար աննախադեպ՝ 50 տոննա ծիրանի բերք, սակայն բոլորը փչանում է: «Մենակ «Սպայկան» չէր, կային այլ մթերող ու արտահանող ընկերություններ, բայց նա բոլորին դուրս մղեց: Նախորդ տարի բազմաթիվ արտահանողներ կային, եկան, հանձնեցինք, հիմա մենակ «Սպայկան» է, որը տարբեր միջոցներով բոլորին դուրս մղեց, մնաց ինքը, ինքն էլ մեզ գցեց կրակի մեջ»,- ասաց հուսահատ արմավիրցին:

 

Ընդ որում` սկզբում ընկերությունը ծիրանը մթերել էր արկղը 2500 դրամով, ապա՝ 2000 դրամով, այսօր՝ մինչ մթերման դադարեցումը՝ 1500-1000 դրամով, այսինքն` արդեն կիլոգրամը 100 դրամով` նախարարի հայտարարած գնից 4-5 անգամ պակաս:

 

«Սպայկա»-ն ասում է՝ պրոբկա է, չեմ կարա տանեմ: Մարդիկ յաշիկները առած՝ վազում են աջ ու ձախ, չգիտեն` ինչ անեն»,- դժգոհեց մեկ այլ բնակիչ՝ Գեւորգը: «Արտահանողները բողոքում են, որ կիլոգրամի համար ռաստամոժկեն 160 դրամ է: Այսինքն` մինչեւ գնելը ծիրանն արդեն իրենց համար արժե 160 դրամ: Դա դեռ հեչ, միեւնույն է՝ թանկ են վաճառում ու դուրս է գալիս գինը: Հիմա էլ բողոքում են, թե լիքն է ծիրանը, Ռուսաստանում չի իրացվում: Բացի դա էլ՝ ասում են, թե Լարսում ասֆալտապատում է, որը տեւելու է 10 օր: Էլ ո՞վ կտանի»,- Գեւորգի ձեռքից հեռախոսը խլելով՝ ասում է Արթուրը:

 

Գյուղացիները ստիպված են մանրածախ վաճառքով սպառել բերքը, սակայն դա եւս փրկություն չէ, քանի որ ծիրանը հասնում է շատ արագ, վաճառվում՝ դանդաղ: «Փորձում ենք տանել Լենինական եւ այլ մարզեր, բայց ծիրանը 2-3 օրում հասնում է ու թափվում հողին»,- դժգոհում են գյուղացիները:

 

Բանն այն է, որ որեւէ մթերող կազմակերպություն պայմանագիր չի կնքել գյուղացիների հետ, եւ այժմ մարդիկ շվարել են: Նրանց խոսքերով` այժմ միակ մթերող է մնացել «Նոյյան» գործարանը, որն էլ չի կարող ամբողջը մթերել: Բացի այդ` նա էլ, իմանալով, որ «Սպայկան» դադարեցրել է մթերումը, մինչ այդ սահմանած 50 դրամի փոխարեն յուրաքանչյուր կիլոգրամը գնում է 30-20 դրամով: Ճարահատ գյուղացին ստիպված հերթ է կանգնել՝ գոնե այդ գնով մթերքն իրացնելու համար:

 

Ըստ մեզ ահազանգած գյուղացիների՝ նույն վիճակում են Հացիկը, Խանջյանը, Հոկտեմբերը, Դալարիկը եւ այլ գյուղեր: Գյուղացիները օրեր առաջ՝ հունիսի 24-ին, փակել էին Հոկտեմբերյան-Թալին ճանապարհը՝ որպես բողոքի նշան: Եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ իր միակ խորհրդով. «Դրուժբեքն առե՛ք, ձեր ծառերը կտրե՛ք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»: Սա ասում է կառավարությունում գյուղացու ներկայացուցիչը ու շարունակում է պաշտոնավարել: Ինչպես երեւում է՝ բնության պատճառած արհավիրքից առավել զորեղ են կառավարության տված վնասները:

 

Այժմ առավել նպաստավոր պայմաններում են հայտնվել այն գյուղացիները, որոնց մթերքը կարկտահարվեց 100 տոկոսով, գոնե նրանց խոստացան վարկերի սառեցում, ուսման վարձերի զեղչ, ջրի վարձից ու հարկերից ազատում: Այս մարդիկ ե'ւ այդ ամենն են վճարելու, ե'ւ տուժել են արդեն: Ամենավատն այն է, որ մարդիկ արդեն հոգնել են ու հուսահատվել, որովհետեւ ելք պարզապես չկա: Այլ դեպքում կպահանջեին կառավարության հրաժարականը, այժմ դա էլ փրկություն չէ, որովհետեւ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ ծիրանը կգնա Սովետաշենի աղբանոց:

 

Հույս ունենք, որ գոնե այս անգամ ականջը խուլ գյուղնախարարությունը՝ ի դեմս նախարար Սերգո Կարապետյանի, կարձագանքի հրապարակմանը, բացի այդ` կպատասխանի նաեւ հետեւյալ հարցին՝ ինչո՞ւ ընդամենը մեկ շաբաթ առաջ ունեցաք ելույթ, որի ոչ մի կետը իրականություն չէ, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Խնդրանք գյուղնախարարին` հերիք է, էլ չենք ուզում, որ դեմքով շրջվեք դեպի գյուղը, մեղք են մարդիկ, թողեք թող ապրեն... Բավակա՛ն է, մի՛ ստեք, մի՛ ասեք, թե ամեն ինչ լավ է: Երկու օր առաջ նախարարի տեղակալը եթերում կրկնում էր իր ղեկավարի միտքը, թե ամեն խնդիր լուծված է: Ի՞նչ խղճով էր ասում դա, եթե տունը նստած գյուղացին, որ բերքի կորստից քունը չի տանում, ամենավերջին հայհոյանքներ է տալու ձեզ: Բավարարված կզգա՞ք: Ավելի տղամարդավարի չէ՞ ասել՝ հարգելի' գյուղացի, մենք չենք կարող ձեր խնդիրները լուծել, մենք, լինելով պետական պատասխանատու կառույց, անզոր ենք պետական հովանավորություն ունեցող ընկերության դեմ, նրա կամայականությունների վրա աչք ենք փակում, որովհետեւ այլ կերպ չենք կարող: Այսպես գոնե գյուղացին ինքն իր գլխի ճարը կտեսնի, զի երբ խաբում եք ու ցուցանիշ նկարում-ներկայացնում, մեկ է՝ ձեզանից դժգոհ բազմությունն ահազանգում է մեզ՝ մամուլին, ու փաստվում է, որ ստում եք:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ