կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 16:11
Տնտեսական

Որպեսզի ամբողջ Հայաստանն այլեւս չհոսանքազրկվի

Որպեսզի ամբողջ Հայաստանն այլեւս չհոսանքազրկվի

Հայաստանի բարձավոլտ էլեկտրական ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են, կավարտվեն ամենաշատը 5 տարուց, որի արդյունքում Հայաստանը կլինի այս ասպարեզում` հետխորհրդային երկրների մեջ ամենաառաջադեմը. լրագրողներին այսօր ասաց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

 

«Այդ ծրագրի իրագործման համար Համաշխարհային բանկի հետ ենք աշխատանքներ տարել, գերմանական KFW բանկն է մասնակցել այդ աշխատանքներին, հիմա մենք ներգրավում ենք,  ավարտում ենք բանակցությունները Ասիական զարգացման բանկի հետ: Պետք է ասեմ, որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են տարվում` գծերը, սկադները, Վրաստանի հետ սահմանին հոսանքի հաղորդման գծերի մոդեռնացման աշխատանքներ, հաշվիչ կենտրոնն ենք մոդեռնացնում: Այսինքն' գոնե անձամբ ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց առավելագույնը 5 տարուց Հայաստանը կունենա ամբողջովին մոդեռնացված բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»,- տեղեկացրեց Արեգ Գալստյանը:

 

Նա հայտնեց նաեւ, որ արդիականացումը հիմնականում կատարվում է եվրոպական սարք-սարքավորումներով, բայց` ոչ միայն: Օրինակ` 110 կիլովոլտ լարման մակարդակում օգտագործվում են նաեւ չինական սարքավորումներ, որոնք որակով չեն զիջում եվրոպականին:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ խնդիրներ բացահայտեց վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած հոսանքազրկումը, փոխնախարարը նշեց, որ այդ կապակցությամբ էներգետիկիայի նախարարի հրամանով ստեղծված է փորձագիտական հանձնաժողով' պարզելու, թե ինչու էր վթարը տեղի ունեցել, եւ որ ամենակարեւորն է` հետագայում այդպիսի վթարներից խուսափելու համար:

 

«Այս հանձնաժողովում ընդգրկված են նաեւ անկախ փորձագետներ, եւ մենք ամենաշատը ուզում ենք, որ նրանց եզրակացությունում ներառված լինեն, թե որոնք են այն խոցելի կետերը, որոնք բերեցին այդպիսի վթարի, եւ ինչ է պետք անել առաջին հերթին: Այդ թվում` այդ ծրագրերի շրջանակներում 100 տոկոս կառավարման կարգավորման համակարգերում մենք անպայման պետք է ինչ-որ մոդեռնիզացիա կատարենք: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ այդպիսի վթարներ չկրկնվեն»,- նշեց փոխնախարարը: