կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 22:39
Հասարակություն

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տնօրենները և ուսուցիչներն այլևս դպրոցում քաղաքական գործունեությամբ չզբաղվեն. ԿԳ նախարար

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տնօրենները և ուսուցիչներն այլևս դպրոցում քաղաքական գործունեությամբ չզբաղվեն. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Լրագրողների Համահայկական 9-րդ համաժողովին», որին ներկայացված են Սփյուռքի գաղթօջախների ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Սփյուռքի ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում մի շարք առաջնահերթություններ կան, որոնցից են նաև կրթության ոլորտի բերափոխումները.

«Մենք գտնում ենք, որ կառավարման արդյունավետ համակարգ ունենալու համար կրթությունն ունի առաջնային նշանակություն:Նոր կառավարությունն այդ ուղղությամբ արդեն հասցրել է որոշ քայլեր կյանքի կոչել: Ոլորտային հրատապ խնդիրների լուծման հրամայականը հնարավորություն չի տալիս արագ անդրադառնալ նաև հիմնարար խնդիրներին և կենտրոնանալ ռազմավարական փոփոխությունների վրա: Բայց կա բավարար կամք` զուգահեռ իրականացնել թե այժմեական, թե ռազմավարական խնդիրների լուծումը:

Մեր սկզբունքը հետևյալն է. կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար. սա հրամայական է աշխարհի մակարդակով և որպես սկզբունք հոգեհարազատ է մեր թիմի համար: Նախորդ իշխանությունները զգալիորեն նվազեցրել էին կրթության և գիտության նախարարության դերը` ոչ թե իրավական ճանապարհով, այլ իրական կյանքում, մասնավորապես ԿԳՆ-ից վերցված էին որոշ լիազորություններ: Որոշ դեպքերում պաշտպանության նախարարն էր իր վրա կրթության և գիտության նախարարի դերակատարում ստանձնել, որոշ դեպքերում նախկին նախագահականը` Բաղրամյան 26-ն էր միջամտություններով ճնշումներ գործադրում` պարտադրելով, որ նախարարությունը սպասարկի որոշ մարդկանց մասնավոր շահերը: Իրականում կրթության և գիտության նախարարությունը շատ քիչ հնարավորություն ուներ դիմակայելու այդ ահռելի ճնշումներին: Նախարարությունն ամբողջությամբ վերականգնել է իր լիազորությունները և դրանք կատարելու է լիարժեք:

Մենք այլևս մեր գործողություններում կաշկանդված չենք և գործելու ենք բացառապես ի շահ որակյալ կրթության: Այս ճանապարհին առաջնահերթ ենք դիտարկում դպրոցների, բուհերի ապաքաղաքականացումը, համակարգում կոռուպցիայի բացառումը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի տնօրենները և ուսուցիչներն այլևս դպրոցում քաղաքական գործունեությամբ չզբաղվեն: Սահմանադրությամբ ցանկացած մարդ ազատ է լինել կուսակցական, սակայն կրթական համակարգում քաղաքական գործունեությունը խստիվ արգելված է»,-նշել է Արայիկ Հարությունյանը` նկատելով, որ համակարգի քաղաքականացվածությունը բացասական ազդեցություն է թողել կրթության որակի վրա: Նախարարի` խոսքով այս օրերին ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունենրը նաև այդ երևույթի հետևանքն են:

Արայիկ Հարությունյանը միաժամանակ ընդգծել է, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենք կոչ են արել բոլոր համակիրներին, այդ թվում նաև ԵՊՀ ղեկավարության դեմ բողոքի ցույցեր կազմակերպող ուսանողներին` խնդիրների լուծումը տեղափոխել ինստիտուցիոնալ հարթություն. «Ժողովրդի իշխանությունն ունի լծակներ, խնդիրներին իրավական ճանապարհով լուծումներ տալու համար: Բայց մենք նաև նորմալ համարում և հասկանում ենք, որ հեղափոխություններից հետո նմանօրինակ հետհեղափոխական տրամադրություններ դեռ կարող են պահպանվել: Ինչպես երկրաշարժից հետո լինում են ետցնցումներ, այնպես էլ հեղափոխությունից հետո կարող են լինել որոշ ցնցումներ, որովհետև տարիների շարունակ կուտակված դժգոհությունը միանգամից ջրի երես է դուրս եկել: Այս իրավիճակը բարդ կացության առաջ է կանգնեցնում նախարարությանը, որովհետև հանրությունը մեզանից շատ մեծ սպասումներ ունի և միանգանից շատ խնդիրների լուծումներ է պահանջում: Կարող եմ ասել, որ որոշ դեպքերում մենք նշանակալի հաջողության արդեն հասել ենք, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Դպրոցներում նախկին դրամահավաքներն այս տարի տեղի չեն ունեցել, որվհետև շատ հստակ ուղերձ է հղվել, որ նման դեպքերը խստորեն պատժվելու են»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Բացման խոսքից հետո նախարարը պատասխանել է համաժողովի մասնակից սփյուռքի և Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են սփյուռքի հայկական գաղթօջախներում գործող կրթական հաստատությունենրի գործունեությանը, արևմտահայերենի պահպանմանը, դասական ուղղագրության կիրառելիությանը, Լեզվի տեսչության գործունեությանը և մի շարք այլ խնդիրների: