կարևոր
4201 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 15:42
Քաղաքական

Թուրք ազգայնամոլներին մի քիչ խելք մաղթենք, որպեսզի «դաշնակ ահաբեկիչներն այլևս քուրդ չկոտորեն»

Թուրք ազգայնամոլներին մի քիչ խելք մաղթենք, որպեսզի «դաշնակ ահաբեկիչներն այլևս քուրդ չկոտորեն»

Տիգրան Չանդոյան

Քաղաքագետ, քրդագետ

Թուրքերը, երբ հայտնվել են դժվարին դրության մեջ՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, միշտ էլ դիմել են մի ստոր միջոցի, որը կատարելության է հասցվել իրենց կողմից՝ պառակտում։ Սա հատկապես դրսևորվել է Օսմանյան Կայսրության ազգերի և ժողովուրդների նկատմամբ նրանց վարած քաղաքականության պարագայում, իսկ դրա ամենավառ օրինակը, թերևս հայ-քրդական հարաբերություններն էին քրդերը իրականացրեցին Հայոց ցեղասպանության գործի ամենակեղտոտ մասը, և որպես հատուցում՝ վաստակեցին իրենց ցեղասպանությունը, այս անգամ՝ թուրքերի ձեռամբ։  

Անդրադառնանք մեր բուն նյութին։ Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի սյունակագիր, ոմն Հյուսեին Լիքօղլու վերոնշյալ ավանդույթի վառ շարունակողներից է։ 2023 թ․ մարտի 17-ին նշված թերթի կայքէջում լույս տեսած «Դաշնակները մուսուլման քրդին չեն սիրում» վերնագրով նրա հոդվածը (Տե՛ս https://www.yenisafak.com/yazarlar/huseyin-likoglu/tasnaklar-musluman-kurtu-sevmez-4516231) մեզ միայն մի բան է ասում՝ 100 տարի առաջվա ու այսօրվա թուրքի միջև ամենաակնառու տարբերությունը, թերևս փողկապն է․․․  

Որևէ պատմական հիմքից զուրկ և տրամաբանական օրենքները զգետնող այս հոդվածից տեղեկանում ենք, որ երիտթուրքերի իրականացրած հեղաշրջումից հետո դաշնակցականները, պարապ մնալով և երիտթուրքերի՝ արդեն «ազատություն, արդարություն, հավասարություն, միություն» նշանաբաններն իրականություն դարձրած (․․․) քաղաքական դաշտում անելիք չգտնելով, լծվել էին Անատոլիայի քրդաբնակ քաղաքներում մուսուլման քրդերին բնաջնջելու գործին։ Այո, այո, դաշնակ ահաբեկիչները պարապությունից սկսել են մուսուլման քրդերին կոտորել։ Հյուսեին էֆենդին այսպես է գտնում․ եթե երկրում բոլոր կարգախոսներն արդեն իրականություն են դարձել, և դաշնակներն այլևս անելիք չունեն, ուրեմն․․․

Գալիք ընտրություններին ընդառաջ նման տեքստերի հանդիպելը առավել քան նորմալ է և սպասված․ քուրդ ընտրազանգվածի որոշիչ քվեն ստանալու համար ընտրապայքարի մեջ գտնվող բոլոր քաղաքական ուժերն էլ պատրաստ են ամեն տեսակ քաղաքական ծաղրածուություն անել, հերյուրանք ստեղծել ու դնել շրջանառության մեջ՝ թիրախավորելով երևակայելի ու անկերևակայելի ամեն ինչ ու ամենքին։ Այստեղ իմաստ չունի խոսել ո՛չ ասվածների փաստական նշանակության մասին, ո՛չ էլ քննարկել հնչեցված մտքերի տրամաբանական լինել-չլինելը․ նպատակը մեկն է՝ պառակտել, ու կանխել ամեն տեսակ հնարավոր համախմբում գործող իշխանության դեմ։

Շնորհիվ Լիքօղլուի «հանճարեղ» հոդվածի՝ պարզվում է, որ 1912-1913 թթ․ Բալկանյան պատերազմներում պարտություն կրած օսմանյան բանակը անզոր է եղել Անատոլիայում (կարդա՛ Արևմտյան Հայաստան) ծայր առած քրդական կոտորածների դեմն առնելու (թուրք եղբայրները չկարողացան օգնության հասնել քուրդ եղբայրներին), իսկ ահա՝ ընդամենը մեկ ու կես տարի անց այդ անզոր բանակն արդեն ի վիճակի էր մասնակցելու Առաջին աշխարհամարտին։

Սակայն ամենահետաքրքիրը առջևում է։ Պարզվում է «դաշնակցական ավազակախմբերի ջարդերը Էրզրումում, Վանում, Էլազիգում, Դիարբեքիրում, Սվասում և Բիթլիսում, հատկապես այն գավառներում, որտեղ մեծամասնություն են կազմել մահմեդական քրդերը, շարունակվել են մինչև 1915 թ․ ապրիլի 24-ը»։ Ահա, վերջապես, սիրելի քուրդ եղբայրներ և քույրեր, տեսեք թե ինչի համար է Օսմանյան պետությունը 1915 թ․ ապրիլի 24-ին ձերբակալել ու կոտորել հայ մտավորականներին, ահա թե ինչու է պետական ամբողջ համակարգը լծվել մի ողջ ժողովրդի ոչնչացման գործին, ինչու է դիմել այդ վտանգավոր ու նվաստացուցիչ քայլին, այո՛՝ որպեսզի փրկի մուսուլման քրդերին «դաշնակ ավազակախմբերի» ձեռքից։ Այսինքն, ըստ հոդվածի տրամաբանության՝ Անատոլիայում մուսուլման քրդերին կոտորող «դաշնակ ավազակախմբերը» հենց տեղեկացել են, որ Կ․ Պոլսում ձերբակալվել են մի քանի հարյուր հայ մտավորականներ, նույն օրն իսկ՝ 1915 թ․ ապրիլի 24-ին, դադարեցրել են մուսուլման քրդերին կոտորածները։

Քրդերին սիրաշահելու՝ հոդվածի բաղադրիչը սա է․ չնայած տասնյակ հազարներով ծեր ու մանուկ սպանվեց, կանայք բռնաբարվեցին, խլվեցին մուսուլմանների ունեցվածքը, այնուհանդերձ «դաշնակ տեռորիստերին», անգամ Անտանտի երկրների աջակցությամբ, չհաջողվեց իրականություն դարձնել Մեծ Հայաստանի ծրագիրը՝ շնորհիվ մահմեդական քրդերի դիմադրության (հոդվածագիրը երեևի տեղյակ չէ, որ Մեծ Հայատանի կողքին լինելու էր նաև քրդական անկախ պետություն)։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք շեշտադրումներին՝ Մեծ Հայաստան, Անտանտի երկրներ, մահմեդական քրդերի դիմադրություն։

Այս արտահայտությունների շրջանառությունը ակտիվանում է հատկապես նախընտրական շրջանում, երբ նման մեթոդներով փորձ է արվում սիրաշահել քրդերին՝ թուրքական պետության գոյությունը նրանց պայքարին վերագրելով։ Շրջանառելով Մեծ Հայաստան անունը՝ փորձ է արվում ատելություն և վախ ներշնչել, և այս ամենի մեջ, անշուշտ, իր դերակատարումն ունի Արևմուտքը՝ ի դեմս Անտանտի։

Ապա սյունակագիրը սահուն կերպով «դաշնակ տեռորիստներից» անցում է կատարում ԱՍԱԼԱ-ին, այն կապելով քրդական ՔԲԿ-ի՝ անհավատ, ոչ մուսուլման քրդերի հետ։ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ԱՍԱԼԱ-ն որևէ գործողություն չի իրականացրել, սակայն դա չի խանգարում վերջինիս անունը նման դեպքերում օգտագործել․ նշանակալի քարոզչական ռեսուրս է։

Հոդվածի վրա թափված խեղկատակ ջանքերի ամբողջ իմաստը պարզ է դառնում հաջորդ պարբերություններից՝ «Այս տողերը չեմ գրում սոսկ որպես պատմության հիշեցում։ Թուրքիան գնում է շատ կարևոր ընտրությունների»․․․ Ահա թե ինչ։ Թուրքիայում «դաշնակ տեռորիստներին, իմպերիալիստ Անտանտին, վերջիններիս կողմից կոտորված խեղճ մուսուլման քրդերին» հիշելը նախընտրական քարոզարշավի կարևոր բաղադրիչ է դարձել։ Եվ որքան նվազում է իշխող քաղաքական ուժի, տվյալ դեպքում Էրդողանի և ԱԶԿ-ի հաղթելու շանսերը, այնքան աճում են նման քարոզչանյութերը։

Էրդողանի վարած իսլամական քաղաքականությունը պահանջում է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս անպայմանորեն շեշտվի վերջիններիս մուսուլմանը լինելը։ Բոլոր իշխանամետ լրատվամիջոցները, հատկապես մամուլը, այս կանոնը սրբորեն պահում են, այլապես ասել քրդեր՝ առանց «մուսուլման» մակնշման՝ միանգամից հասկացվելու է ՔԲԿ-ին կամ ԺԺԿ-ին հարող կամ համակրող մարդկանց խումբ՝ զազա, ալևի, հայ, նշանակություն չունի։

Վերոնշյալից բացի, մեկ այլ քարոզչական լուրջ ռեսուրս է գյուլենականությունը՝ Ֆեթուլլահ «ՖԵԹՈ» Գյուլենի գլխավորությամբ։ Սա էլ կիրառվում է ոչ էրդողանամետ, սակայն իսլամամետ զանգվածին քարկոծելու համար, և այս դեպքում դատափետման հիմնական մեխը, որից սովորություն ունեն կախվելու լիքօղլուները՝ 2016 թ․ չստացված հեղաշրջման փորձն էր։

Թուրքիայի ընտրազանգվածին վախեցնելու և դեպի «ճիշտ» ընտրություն ուղղորդելու համար հոդվածի հեղինակի և նրա «օրթախների» երևակայությունը սահմաններ չի ճանաչում։ Ինչևէ, մաղթենք նրանց խելքումիտք, մի քիչ բարոյականություն և ամենակարևորը՝ նորմալ պատմության ուսուցիչներ, որպեսզի «դաշնակ տեռորիստները այլևս պարապությունից քուրդ մուսուլմաններ չկոտորեն»։

Akunq.net