կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 18:05
Առանց Կատեգորիա

12 միլիոն տանք, որ դուք "գիտա՞կ" խաղաք

12 միլիոն տանք, որ դուք "գիտա՞կ" խաղաք

Կառավարությունը երեկ որոշեց պետբյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից մի «չնչին» գումար` 12 միլիոն դրամ հատկացնել ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ, որտեղ, երբ» («Что? Где? Когда?») հեռուստանախագծի արտոնագիրը եւս մեկ տարով ձեռք բերելու համար: Ընդ որում' հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք է բերվում մասնավոր մի ընկերության' «Փի-Արտ» ՍՊԸ-ին տրամադրելու համար, որպեսզի վերջինս էլ այն հեռարձակի մասնավոր հեռուստաընկերության եթերով...

 

Ըստ այս որոշման «ճարտարապետների»` հեռուստախաղը մեծ ժողովրդականություն է վայելում, բարձր վարկանիշ, ինչպես նաեւ ինտելեկտուալ զարգացման նշանակություն ունի: Համենայն դեպս, այդպես էր ներկայացնում որոշման նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրած ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Սակայն թե ո՞վ է չափել խաղի վարկանիշը, որ համոզմունք կա, թե մեծ ժողովրդականություն է վայելում, փոխնախարարը չգիտի: Չգիտի նաեւ, թե ինչ ազդեցություն է ունենում հասարակության ինտելեկտուալ զարգացման վրա, թեեւ կարծում է` միայն կարծում է, այլ ոչ թե համոզված է, որ ԿԳՆ-ում ամեն դեպքում հաշվարկել են հաղորդման վարկանիշն ու ազդեցության չափը... Փառք Աստծո, որ այս որոշման նախագիծը կազմողները չեն նշել հեռուստախաղի «ռազմահայրենասիրական դաստիարակության» նշանակության մասին:

 

Հասկանալի է` փոխնախարարը մեղք չունի, որ հենց իրեն բաժին հասավ այս «ծանր բեռը»` ներկայացնել այն, ինչ գրված էր թղթի վրա, ու ընկնել լրագրողների «ճանկը»: Բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հավանաբար, պետք է որ ավելի լավ իմանա, թե ինչ նշանակություն ունի այս խաղը, հատկապես` ինտելեկտուալ զարգացման վրա: Որովհետեւ ինքն անձամբ «գիտակներից» մեկն է, հանդես է գալիս այս հեռուստախաղում:

 

Խաղը` խաղ, մոտեցումն է անհասկանալի: Չմոռանանք` Հայաստանը մի երկիր է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ամեն երրորդ մարդն աղքատ է, այսինքն` ունի ամսական 37 հազար 44 դրամից ցածր եկամուտ: Մի ինչ-որ մասնավոր ընկերության համար 12 միլիոն դրամ զոհաբերելուց առաջ արժեր մի փոքրիկ հաշվարկ անել, օրինակ` 12 միլիոն դրամով մեկ տարի շարունակ 30 մարդ կարող էին փրկվել աղքատության ճիրաններից` ստանալով աղքատության գծից բարձր եկամուտներ...

 

Այսինքն` այստեղ կա երկընտրանք` կա'մ 1 տարի շարունակ օգնել, որ 30 մարդ աղքատ չլինի, կա'մ օգնել մի ինչ-որ մասնավոր ընկերության, որ կազմակերպի կասկածելի վարկանիշ ու կասկածելի ազդեցություն ունեցող, ռուսալեզու հեռուստանախագծի հեռարձակում, որպեսզի, օրինակ, կրթության եւ գիտության ու արդարադատության նախարարները եւ այլք «գիտակ» խաղան: Ու կառավարությունն առանց որեւէ հարցի ընդունեց այս տարբերակը, որն, ի դեպ, ընկալվում է այսպես` պարոնայք նախարարներն իրենց «ինտելեկտուալ» ժամանցը կազմակերպելու եւ սիրելի խաղին օգնելու համար հարկատուների հաշվին «փող են քերում» պետբյուջեից:

 

Հարցին մոտենանք այլ տեսանկյունից, ենթադրենք, թե այս հեռուստանախագիծը, իրոք, բարձր վարկանիշ ու նշանակություն ունի: Կառավարությունը պետք է իմանար, որ ցանկացած բարձր վարկանիշ ունեցող հեռուստանախագիծ ունենում է նաեւ այդ վարկանիշին համապատասխան գովազդ` բարձր գներով: Եվ եթե ինչ-որ մասնավոր ընկերություն այս նախագիծը հեռարձակում է մասնավոր հեռուստաընկերությամբ, ապա դրա համար շահույթ է ստանում: Իսկ եթե կառավարության «գիտակների»  մտքով անցնի հակադարձել այս պնդմանն ու ասել, թե այս հեռուստանախագիծը շահութաբեր չէ, բայց հասարակության ինտելեկտուալ զարգացման համար, իրոք, մեծ նշանակություն ունի, դրա համար իրենք փող են ծախսում, ապա պետք է հիշեն, որ արդեն նշել են, թե այն բարձր վարկանիշ ունի, իսկ եթե շահույթ չի ստանում` գովազդ չունի, ուրեմն` վարկանիշ էլ չունի, եւ վարկանիշի մասին կառավարությունում հնչած գնահատականները սուտ են...

 

Հիշեցնենք, որ հեռուստախաղն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո` վարչապետի, այլ ոչ թե պետբյուջեի: Եվ երբ պետբյուջեից են գումար հատկացնում այդ նպատակով, տպավորություն է ստեղծվում, որ վարչապետի «բարձր հովանու» հովանավորներն էլ Հայաստանի Հանրապետության հարկատուներն են:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ