կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 15:38
Արցախ

Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել

Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել

Yerkir.am-ի հարցազրույցը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

 

- Պարո'ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները:

- Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ, մեկ անգամ նայելով քարտեզին, կհասկանաք, թե ինչ նպատակ է հետապնդում Արցախը` ունենալով այդ ճանապարհը: Մենք ակնկալում էինք, որ մեր ժողովուրդը կանի ամեն ինչ, որ այդ գումարը, որը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք է, հավաքվի: Իհարկե, մի քիչ պակաս հավաքվեց, բայց լիահույս ենք, որ տարվա ընթացքում, այլ բարերարների աջակցությամբ, այդ գումարը կհամալրվի: Ամեն դեպքում մենք ունենալու ենք այդ ճանապարհը, որը Արցախի համար  ռազմավարական մեծ նշանակություն ունի: Մենք փետրվարին կսկսենք ճանապարհի կառուցումը և մեկուկես տարի հետո կունենանք այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց սուղ միջոցներից մաս հանեցին և մասնակցեցին այս ծրագրին:

 

- Արդեն ավարտին է մոտենում Արցախի կառավարության կազմակերպած`  վիճակախաղի տոմսերի վաճառքի ժամանակը: Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն վիճակախաղի տոմս էր թողարկվել և ինչքա՞նն է վաճառվել:

- Մենք թողարկել էինք 300 000 վիճակախաղի տոմս և բոլորն էլ դրել շրջանառության մեջ: Այսօրվա դրությամբ`  200 000-ից ավելին արդեն իրացված է, իսկ եթե դրանց գումարեմ նաև Սփյուռքում Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցների կողմից տարածված տոմսերի թիվը, որոնց մասին արդեն սպառիչ տեղեկություն կստանանք մոտ օրերս, ապա կարելի է հայտարարել, որ համազգային առաջին վիճակախաղը հաջողել է: Մնում են ավարտական մի քանի միջոցառումներ, որպեսզի դեկտեմբերի 28-ին պատվով, թափանցիկ իրականացնենք խաղարկությունը: Այս վիճակախաղի նպատակը հանրապետությունում կարևոր երկու ծրագրերի իրականացումն է` նպաստել Արցախի վերաբնակեցման ծրագրին և մշակութային արժեք ներկայացնող գորգերի արտադրությանը, որով, բնականաբար, նաև աշխատատեղերի հարց է լուծվելու:

 

- Վերջերս «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում դուք խոստացել էիք, որ դեկտեմբերի 1-ին կհայտարարեք այն գործարարների, անհատների և իրավաբանական անձանց անունները, ովքեր աջակցել են, նպաստել են վիճակախաղի տարածման աշխատանքներին: Ի դեպ, նույնլրատվականի, մեղմ ասած, ոչ ճիշտ մեկնաբանման պատճառով թեման, հատկապես` սոցցանցերում,  տհաճ քննարկումների առիթ դարձավ: Արդյո՞ք կարող եք մեզ ասել, թե հայաստանյան գործարարներից ովքեր են աջակցել այս ծրագրին և որքանով ե՞ն նպաստել վիճակախաղի տոմսերի վաճառքի իրականացմանը:

- Այն, ինչ խոստացել ենք, անպայման իրականություն ենք դարձնելու: Ոչ մի թեմա փակ չի մնա: Բոլոր հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ: Դեկտեմբերի 1-ը այն ժամկետն է, որ հանձնաժողովի կողմից պետք է մարվեն չվաճառված վիճակախաղի տոմսերը: Միայն դրանից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, մամուլում կհրապարակենք անուններ, նաև պատրաստվում ենք կառավարության անունից շնորհակալական նամակներ ուղարկել բոլոր նրանց, ովքեր աջակցել են, նպաստել են ԼՂՀ ազգային վիճակախաղի առաջին թողարկման աշխատանքների իրականացմանը:

 

Ինչ վերաբերում է «Առաջին լրատվականի» կողմից թեմայի նման մատուցմանը, որը տհաճ քննարկումների վերածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ասեմ, որ հիասթափեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ դրանով կարող են ինչ-որ բացասական դերակատարությամբ կամ միջամտությամբ ազդել այս նախաձեռնության վրա: Հատկապես` նրանց համար ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ մասնակցել է վիճակախաղի տոմսերի իրացման աշխատանքներին, ավելին` իր շրջապատում էլ քարոզչություն է իրականացրել: Ես ուզում եմ «Առաջին լրատվականի» կատարած մանիպուլյացիոն հնարքի անունը դնել «փորձ` խանգարելու ազգանվեր գործի կյանքի կոչմանը», և շուտով, երբ մենք կհրապարակենք այն, ինչ խոստացել եմ, ժողովուրդը կտեսնի, որ այդ փորձը բարեհաջող ձախողվել է: Ավելին ասեմ` չի բացառվում որ մենք թվեր հրապարակենք, թե այս գործի քարոզիչներից ով ինչքան վիճակախաղի տոմս է վաճառել: