կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-20 12:54
Քաղաքական

Ճիշտ որոշում էր. Կիրո Մանոյանը` ՀՀ նախագահի` հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին

Ճիշտ որոշում էր. Կիրո Մանոյանը` ՀՀ նախագահի` հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին

ՀՅԴ-ն ողջունում է այդ հայտարարությունը և հույս ունի, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, և նախագահն իր ասածը կանի հաջորդ գարնան նախօրեին. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև 2018-ի գարուն հայտարարելու է առ ոչինչ:

Մանոյանը նշեց նաև, որ նախագահի հայտարարությունը փոքր-ինչ ուշացած է: «Վստահ եմ, որ ՀՀ նախագահն էլ չի հավատում, որ որևէ դրական տեղաշարժ է լինելու այդ առումով, ուրեմն Հայաստանն իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան: Դա շատ ճիշտ որոշում էր: Կարծում եմ` նախագահը կարող էր ասել, որ արդեն հետ ենք վերցնում, բայց, հավանաբար, ցանկացավ առիթ տալ ոչ միայն Թուրքիային, այլև, ընդհանրապես, այդ գործընթացի միջնորդներին, հովանավորներին, որպեսզի եթե անելիք ունեն` ահա իրենց ինչ-որ ժամանակ, որ քայլեր ձեռնարկեն»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ նախագահը վաղուց էր ասել, որ, ի վերջո, նման քայլի է գնալու: Մանոյանի կարծիքով` Թուրքիան այնքան ներքին ու արտաքին խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ արձանագրությունների հարցը նրա օրակարգում գրեթե չկա, իսկ եթե կա, վերջին տեղում է:

«Չի բացառվում, որ Թուրքիան կիսատ ինչ-որ քայլեր անի, ասենք` արձանագրություններից մեկն ընդունի, մյուսը` ոչ, սակայն կարծում եմ` Հայաստանը դա չի ընդունի: Թուրքիայի համար կարևորը Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում ունենալն է, իսկ եթե այդ ճնշումը չի աշխատում, չեմ կարծում, որ նրանք կստորագրեն այդ արձանագրությունները»,- ասաց Մանոյանը: