Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով` նախագահների գործառույթների մեջ կա տարբերություն: Ըստ նրա` նույնիսկ երդման մեջ փոփոխություն կա: Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո նա ասաց լրագրողներին:
«Երդման մեջ կարևորում եմ այն, որ նախագահը պատասխանատվություն է ստանձնում նաև համազգային հարցերի լուծման ուղղությամբ, և հիմնական դերակատարությունն ազգային միասնականություն հաստատելու, պահպանելու ուղղությամբ է: Այսինքն` նա գործադիր այլ լիազորություններ չունի, բայց թեկուզ խորհրդանշական այս պաշտոնը կարևոր է, քանի որ բոլորս հիշում ենք՝ նախագահական բոլոր ընտրություններից հետո էլ հասարակությունում եղել է պառակտվածություն: Այս անգամ նման բան չկա, և սա համակարգի էությունից է բխում: Անշուշտ, ժամանակ է պետք, որ ժողովուրդն էլ տեսնի, գնահատի, որ այս համակարգը նաև դրական կետեր ունի: Մեկը հենց այն է, որ կա այլևս մարդ, ով քաղաքականությունից վերև է, բայց նաև քաղաքականության մեջ է: Այսինքն՝ այդ պառակտումը թույլ չտալու պարտավորություն ունի: Եվ ես այս երդման արարողության մեջ դա եմ հիմնականում կարևորում»,- ասաց Մանոյանը:
Նա նշեց, որ լիազորությունները, ճիշտ է, համեմատաբար սահմանափակ են, բայց եթե նոր նախագահն իր ունեցած հեղինակությունը պահի, դա արդեն բավականին մեծ ազդեցություն կունենա մեր քաղաքական իրականության մեջ: «Պարզ է՝ առօրյա հարցեր չի լուծելու, այդ ակնկալությունը չպետք է ունենալ նախագահից, այդ պատկերացումն արդեն պետք է փոխվի մեր հասարակության մոտ, բայց այն, որ նա ինչ-որ խոսք ասի, ու դա կամա, թե ակամա ընդունելի լինի քաղաքական բոլոր ուժերի համար, այդ հեղինակությունը նա ունի: Մնում է՝ անձը, որ այդ պաշտոնն է վարում, այդ հեղինակությունը վայելի, դա ունի Արմեն Սարգսյանը, մնում է, որ պահի»,- ասաց Մանոյանը: