կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 17:54
Առանց Կատեգորիա

Լավ արհեստավորը պահանջված է բոլոր ժամանակներում

Լավ արհեստավորը պահանջված է բոլոր ժամանակներում

Ներկայումս մասնագիտական կրթության ոլորտում սովորում է 35 000 մարդ, որոնցից 7000-ը՝ արհեստագործական համակարգում: ՀՀ ԿԳ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ երիտասարդությունը ավելի նախընտրում է տնտեսագիտական բլոկի մասնագիտություններ, ՏՏ, տուրիզմի եւ սպասարկման ոլորտը, իսկ ճարտարագիտական, տեխնոլոգիական եւ շինարարական մասանագիտությունները թեեւ պահանջված են գործատուների կողմից, սակայն երիտասարդներն այդպես էլ չեն ցանկանում այդ ոլորտներում մասնագիտանալ:  

 

-Ի՞նչ աշխատանքներ են արվել վերջին տարիներին նախնական եւ միջին մասնագիտական կրթության ուսուցման ոլորտում` մասնագիտական կրթության դերը հատկանշական դարձնելու համար:

-Վերջին տարիներին կատարված բարեփոխումների շրջանակում մենք շատ լուրջ հաջողություններ ունենք մասնագիտական կրթության ուսուցման համակարգում` երիտասարդության ներգրավվածության առումով: Այդ բարեփոխումների արդյունքում կարողացել ենք ոչ ամբողջությամբ, բայց մասամբ ուսումնական հաստատությունները վերանորոգել, վերազինել նորագույն սարքավորումներով եւ լաբորատորիաներով, հագեցնել արհեստանոցները, վերամշակել եւ ամբողջությամբ վերանայել կրթության բովանդակությունը: Մենք նաեւ գործատուների կամ գործատուներին ներկայացնող կազմակերպությունների հետ նոր հարաբերություններ ենք փորձում ստեղծել, քանի որ կրթության որակի բարձրացումը կամ կրթության կազմակերպումը մասնագիտական կրթության համակարգում` առանց գործատուի մասնակցության, ուղղակի հնարավոր չէ ապահովել: Մատչելիությունը եւ ներգրավվածությունը մասնագիտական կրթական համակարգում ապահովելու համար մենք ընդունելության քննությունները հանել ենք ընդունելության համակարգից, որ հավելյալ դժվարություններ եւ բարդություններ չստեղծենք ուսանողների համար քոլեջ եւ ուսումնարան ընդունվելիս: Այժմ նրանք, իրենց ավարտական գնահատականների հաշվառմամբ, կարող են, մրցույթին մասնակցելով, ընդունվել համապատասխան հաստատություն` անվճար կամ վճարովի: Մատչելիությունը կամ գրավչությունը բարձրացնելու համար մենք նաեւ կառավարության կողմից անվճար տեղերի թիվն ենք ավելացրել: Ենթադրվում է, որ 2014-ին, երբ անցում կկատարվի 12-ամյա պարտադիր կրթության, սա կներառի նաեւ մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության բաժինը, ինչն էլ կենթադրի անվճար կրթության բազայի մեծացում:

 

-12-ամյա պարտադիր կրթության անցնելու դեպքում ՄԿՈՒ ոլորտը որքանո՞վ կշահի եւ կտուժի:

-Չեմ կարծում, որ ինչ-որ առումով տուժի, քանի որ, վիճակագրության համաձայն, 9-րդ դասարանից հետո 4000-5000 երիտասարդ է դուրս մնում կրթական համակարգից: Չեմ կարծում, որ բոլոր այդ աշակերտները կդիմեն հենց արհեստագործական ուսումնարաններ, ոմանք հնարավոր է, որ միջին մասնագիտականում սովորեն կամ էլ ավագ դպրոցում: Անգամ եթե, ծայրահեղ դեպքում, այդ հոսքն ուղղված լինի արհեստագործական ուղղությամբ, մենք ունենք ուսանողներին տեղավորելու եւ նրանց կրթությունը կազմակերպելու պոտենցիալ, այսինքն` այն ընդունելությունը, որ մենք իրականացնում ենք, սահմանային չէ, մենք ունենք հնարավորություն ավելի շատ ուսանողներ ընդունելու: Հիմա, երբ աշակերտը հնարավորություն կունենա ընտրելու` «սովորել-չսովորելու» փոխարեն «սովորել որտեղ» եւ կընտրի մասնագիտական կրթության համակարգը, այդ հնարավորությունը բոլորի համար անվճար կլինի:

 

-Արհեստագործական ուսումնարաններում ո՞ր լաբորատորիաները թարմացման կարիք ունեն:

-Գաղտնիք չեմ ասի, որ բիզնես ոլորտում հիմնականում շատ արագորեն են ներմուծվում նոր տեխնոլոգիաներ, որոնք հաճախ են փոխվում, քանի որ դրանց հզորությունը պետք է ավելի ուժեղացնել, ինչպես նաեւ մրցակցության, դիրքը պահպանելու խնդիր կա: Սակայն, ցավոք, չեմ կարող ասել, որ կրթության համակարգում նույն հախաճությամբ են այդ տեխնոլոգիաների փոփոխությունը եւ ներդրումը կատարվում: Մենք շեշտադրում ենք անում այն գործատուների վրա, որոնք իրենց արտադրական հնարավորությունները պատրաստ են կիսել ուսումնական հաստատության հետ` երիտասարդների պրակտիկ ուսուցումը կազմակերպելու համար: Պահանջված մասնագիտությունների մասով` ոսկերչություն, խոհարարություն, փականագործություն, հյուսն-ատաղձագործներ, վարսավիրներ, վերջին տարիներին կարողացել ենք բավական լուրջ արհեստանոցներ հիմնել: Սակայն, սրան զուգահեռ, կան մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, բայց ուսումնական հաստատություններում համալրել դանդաղ է ստացվում, օրինակ` շինարարական մասնագիտությունները` տանիքագործներ, պատշարներ, ջեռուցման կամ ջրային, օդային համակարգերի մասնագետներ: Այս ժամանակակից մասնագիտությունների լաբորատորիաներն էլ թարմացման կարիք ունեն:

 

-Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ մասնագիտությունները, որոնք հիմա առավել պահանջված են աշխատաշուկայում` ուսանողներին այնքան էլ չեն հետաքրքրում, քան այն մասնագիտությունները, որոնցում կադրերի ավելցուկ ունենք:

-Երիտասարդությունն արհեստագործական կրթությանն այնքան էլ հակված չէ, քանի որ այն իրենից պահանջում է ձեռքի, ֆիզիկական աշխատանք, ֆիզիկական ուժի ներդրում, իսկ երիտասարդները հակված են ավելի քիչ աշխատանք, ջանք գործադրել եւ շատ եկամուտներ ունենալ /ի դեպ, սա միայն Հայաստանին չէ բնորոշ/: Դրա պատճառով մի շարք հրաշալի, նաեւ ավանդական մասնագիտություններ` որմնադիրների աշխատանքը, դարբնությունը, տուժում են: Երիտասարդությունը, այո, չի ձգտում ստանալ այդ մասնագիտությունները, բայց դրանց կարիքն աշխատաշուկայում կա: Այստեղ որոշակիորեն հասարակական գիտակցության փոփոխման անհրաժեշտություն կա, այսինքն` հանրությանը պետք է ցույց տալ եւ համոզել, թե իրականում ի՞նչ առավելություններ ունի արհեստագործական կրթությունը եւ ի՞նչ է պետք դրանից ակնկալել, այդ մասնագիտությունը ստանալուց հետո ի՞նչ հնարավորություններ կարող են բացվել երիտասարդի առջեւ` աշխատանք գտնելու, իր բարեկեցությունն ապահովելու համար: Բոլոր ժամանակաշրջաններում ասացվածքը, թե արհեստավորն անոթի է մինչեւ կեսօր` ակտուալ է. լավ արհեստավորը պահանջված է բոլոր ժամանակներում:

 

-Արհեստագործական ուսումնարանները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու համար արդյո՞ք 2014-ին ինչ-որ քայլեր չեն արվելու:

-2014-ին պիլոտային ծրագրով երկու ուսումնարան կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Դուք բարձրացնում եք հարց, որը, կարծում եմ, երկար ժամանակ ու շատ ռեսուրսներ է պահանջում` բոլոր ուսումնական հաստատությունները մատչելի դարձնելու համար: Հաջողված փորձի դեպքում արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկենք, պետք է փորձենք զարկ տալ ներառական կրթությանը արհեստագործական կրթական համակարգում:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ