կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 13:06
Իրավական

ՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին

ՊԵԿ-ի կողմից օրենքի սխալ մեկնաբանման պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտվում են սնանկացման եզրին
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից օրենքի սխալ մեկնաբանության և անօրինական ու ձևական պահանջներ առաջադրելու հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ լուրջ ֆինանսական վնասներ են կրում, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ. նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

«Հարկային օրենսդրությունը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին, շրջանառության հարկ վճարող լինելով հանդերձ, ներկայացնել հայտարարություն և ձեռնարկատիրությամբ զբաղվել որպես ԱԱՀ վճարող: Ընդ որում՝ օրենսդրությամբ նախատեսված է հայտարարության երկու ձև՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին, որոնց ուսումնասիրությունը վկայում է, որ բովանդակային առումով դրանք էապես չեն տարբերվում: Հիմք ընդունելով այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել այն անձինք (ֆիզիկական անձինք), ում միաժամանակ պատկանում է երկու կամ ավելի առևտրային կազմակերպության 20 տոկոս և ավելի բաժնեմասերը՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի թվում եղել է այդպիսի ֆիզիկական անձ, բացառել են իրենց՝ շրջանառության հարկ վճարող լինելու հանգամանքը, արդեն իսկ իրենց համարել են ԱԱՀ վճարող և 2013 թվականի սկզբում հայտարարություն են ներկայացնել որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին:

 

Սակայն ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ այդ կազմակերպությունները պետք է ներկայացնեին ԱԱՀ վճարող համարվելու, այլ ոչ թե՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն: ՊԵԿ-ի հավաստմամբ՝ այդ կազմակերպությունները հանդիսանում են շրջանառության հարկ վճարող և սխալմամբ են իրենց համարել ԱԱՀ վճարող, ինչի պատճառը եղել է օրենքում գրված անձինք բառի սխալ մեկնաբանությունը:

 

Այս ձևական պահանջի չպահպանման հետևանքով ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրում է վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

 

Այնուամենայնիվ, նույնիսկ եթե համարենք, որ այդ երկու հայտարարությունների տարբերությունն էական է, ապա այդ դեպքում ևս օրենքը տնտեսվարողների օգտին է, քանի որ նրանք ճիշտ են մեկնաբանել այն՝ փաստորեն հրաժարվելով առավել բարենպաստ հարկային ռեժիմով աշխատելու հնարավորությունից: Խնդիրն այն է, որ անձինք բառը մեկնաբանելիս ՊԵԿ-ը բացառապես առաջնորդվում է իրավական ակտի տառացի մեկնաբանման պահանջով, սակայն այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ մեկնաբանության միայն այդ մեթոդի կիրառման դեպքում օրենքի բազմաթիվ դրույթներ կդառնան անհեթեթ, որոշ դրույթներ բովանդակային առումով կկրկնեն միմյանց, ինչպես նաև կխեղաթյուրվի օրենքի ընդունման նպատակը՝ աջակցելու մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

 

Ի վերջո, եթե նույնիսկ օրենքի նշված դրույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ապա այս դեպքում ևս դրա կիրառումը չպետք է այդպիսի բացասական տնտեսական հետևանքներ առաջացնի տնտեսվարող սուբյեկտների և, որպես արդյունք, տվյալ դեպքում նաև` երկրի գործարար միջավայրի և տնտեսական անվտանգության համար, քանի որ եթե ՀՀ հարկային օրենսդրության դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտինՀարկերի մասին» ՀՀ օրենք):

 

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդիրն արդարացի կարգավորում կստանա ՀՀ վարչապետի հանձնարարականով, ում արդեն իսկ գրությամբ ահազանգվել է ստեղծված իրավիճակի և տնտեսվարողների զանգվածային դժգոհության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: