Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում լրագրողները խնդրեցին մեկնաբանել 5 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հավանության արժանացած` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայ զեկույցը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԼՂ խնդրի լուծումը Ադրբեջանը փորձում է տանել այլ ձևաչափ, քան ՄԽ ձևաչափն է, որն ունի միջազգային հանրության մանդատը` զբաղվելու ԼՂ խնդրի կարգավորմամբ: Նախարարի խոսքով` Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ՄԽ դիրքորոշման հետ, և այլ կառույցները կամ կազմակերպությունները չպետք է խառնվեն այդ խնդրին, որպեսզի չխանգարեն խաղաղ կարգավորման գործընթացին: «Ոչ մի կոնֆլիկտ դեռ չի լուծվել Խորհրդարանական վեհաժողովի միջոցով: Մենք պետք է աշխատենք ՄԽ համանախագահների հետ, որպեսզի գտնենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ձևը»,- ասաց նա:
Անդրադառնալով Ուոլթերի զեկույցի անաչառության վերաբերյալ հարցին` Նալբանդյանը նշեց, որ իր համար հասկանալի է, թե ինչու է նա այդպիսի կողմնակալ զեկույց մշակել: Ուոլթերը, արտգործնախարարի խոսքով, երկար տարիներ եղել է Ադրբեջանի բարեկամների շարքում, ֆինանսավորվել Ադրբեջանի համապատասխան հիմնադրամների կողմից:
«Բրիտանական մամուլը գրում էր, որ Ուոլթերը և նրա ընտանիքը ֆինանսական հետաքրքրություններ ունեն Ադրբեջանում: Եվ տարօրինակ չէ, որ իր մանդատը կորցնելուց երկու օր առաջ նա որոշեց արագ «թխել» այդ զեկույցը: Չեմ էլ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, քանի որ այն արժանի չէ մեկնաբանման, մեկնաբանությունը թողնում եմ Ադրբեջանի և իր բարեկամների խղճին: Պարզապես կուզենայի նշել, որ նույն Ադրբեջանը ԵԽԽՎ փաստաթղթերը տարբեր կերպ է մեկնաբանում»,- ասաց նախարարը` հավելելով, որ մի փաստաթուղթը Ադրբեջանը կարող է ընդունել որպես թղթի կույտ, իսկ այս փաստաթուղթը որակել որպես գլխավոր, կարևոր եւ այլն: