կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-15 14:20
Քաղաքական

Այդ ի՞նչ «չե պե» է եղել, որ գաղտնիության գրաֆիկի հարց է առաջ եկել. Նաիրա Զոհրաբյան

Այդ ի՞նչ «չե պե» է եղել, որ գաղտնիության գրաֆիկի հարց է առաջ եկել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գաղտնի դարձնել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կա'մ հիմնական զեկուցողը` ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը,  ծանոթ չէ բերված նախագծին, կա'մ խառնաշփոթ կա, կա'մ էլ հայտնի դեպքերից հետո, երբ մամուլը բացահայտեց հարկատուների հաշվին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները, ինքնաթիռներ վարձելը, հապճեպ, արտահերթ նիստով բերվել է օրինագիծը, որպեսզի մամուլն այլևս հնարավորություն չունենա տեղեկանալ նման ծախսերի մասին ու չանդրադառնա այդ թեմաներին:

 

«Կառավարությունը պետք է հետ տանի այս նախագիծը, որպեսզի հստակություն մտցնի, ու հասկանանք խոսքը ինչի մասին է: Եթե խոսքն այն մասին է, որ հանրությունը չիմանա, թե ինչ ծախսեր են արվելու նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի կողմից, դա բացարձակապես անընդունելի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա նաև հավելեց. «Այդ ի՞նչ «չե պե» է տեղի ունեցել, որը հիմք է հանդիսացել այդ ծառայությունները գաղտնի գրաֆիկով ներկայացնելու` օրինագիծ ընդունելու համար, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել: Կարելի է ասել, որ վերլուծությունները հանգեցրել են նրան, որ այդ ծառայություններն ու ծախսերն անցնեն գաղտնի գրաֆիկի տակ, ապա դա հիմնավոր պատասխան չէ»:

 

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշեց, որ գործընթացը ենթադրում է ծախս, հետևաբար, եթե գործընթացը գաղտնի է, ուրեմն այդ ծախսն էլ պետք է գաղտնի լինի: «Այստեղ դրված է պահպանության մակարդակի ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրը, ոչ թե հանրությունից գաղտնի պահելու հարց: Կատարվել են վերլուծություններ, պետական գնումների ոլորտում խնդիրներ էին առաջացել, և պահպանության մակարդակը ավելի բարձրացնելու համար որոշվել է ԱԺ բերել այս օրինագիծը: Կոնկրետ «չե պե»-ներ չեն եղել, հաստատ կարող եմ ասել»,- ասաց Արզուման Հարությունյանը:

 

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Էլինար Վարդանյանը, նույնպես հարցրեց, թե ինչո՞ւ այսքան տարի անց անհրաժեշտություն առաջացավ գաղտնի պահել որոշ ծախսեր: «Հարկատուն իրավունք չունի՞ իմանալու, թե իր տված հարկերի հաշվին ինչ սնունդ կամ ինչպիսի տրանսպորտ կամ ինչպիսի տոմսեր են գնում նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը»,- հարցրեց նա:

 

Արզուման Հարությունյանը նշեց, որ «Գնումների մասին օրենքը» ընդունվել է 2010 թ., և վերլուծության արդյունքների համաձայն`  հանգել են այդ եզրակացության: Ինչ վերաբերում է ծախսերի թափանցիկությանը, ապա, նրա խոսքով, բյուջեում առանձին հոդվածով կա տեղեկատվություն ծախսերի մասին: