կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-28 17:11
Քաղաքական

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում. Արմեն Ռուստամյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ գնահատմամբ՝ իսկապես կատարվում են ընտրական համակարգի աննախադեպ ու արմատական փոփոխություններ: Բայց ամեն ինչ գնահատվում է ոչ թե զգացմունքներով, այլ համեմատության մեջ: Եվ համեմատությունը կոռեկտ ու լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է երեք հիմնական ուղղություններով գնահատել, թե ներդրվող ընտրական համակարգը ինչպես է լուծում այդ համակարգում տարիներ ի վեր կուտակված և չլուծված հիմնական հարցերը՝ ընտրական կեղծիքների դեմն առնելու, ընտրապայքարում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ներկայացուցչական ժողովրդավարություն հաստատելու խնդիրները:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ լուրջ և խորքային հիմքեր են ստեղծվում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Սակայն, պատգամավորի խոսքով, ոչ մի քննադատության չի դիմանում այն կարծիքը, թե այս ընտրական համակարգն ավելի վատն է քան նախորդները, իսկ տեղ-տեղ որոշ պատգամավորների քննադատությունները նմանվում են մանկական կամակորության` ես սա չեմ ուզում, և վերջ:

Արմեն Ռուստամյանը ներկայացրեց գլխավոր փաստարկները` ԿԸՀ-ն  մեր պատմության մեջ առաջին անգամ ձևավորելու է ԱԺ-ն` երեք հինգերորդի մեծամասնությամբ: Բազմակի քվեարկությունների դեմն առնելու համար առաջարկվում է քվեարկության մատյանները դարձնել հասանելի, քվեարկող անձի իդենտիֆիկացումը կատարվում է ոչ թե թանաքոտմամբ, այլ մատնահետքերի գրանցման և հաշվառման միջոցով: Պատգամավորի խոսքով՝ բացակաների ցուցակը ոչինչ չի տալու, որովհետև հայտնի չէ` տվյալ` բացակա համարվող մարդը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տեսանկարահանման հարցին, այն ապահովվում է բոլոր տեղամասերի համար:

«Ես այդ 4+4+4-ի կեսից ուղղակի հոգնել ու դուրս եմ եկել, որովհետև անիմաստ ու անպտուղ քննարկումներ էին տեղի ունենում: Ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժը չունի իրական կառույց` բոլոր ընտրատեղամասերում լինելու առումով, ապա ոչ մի օրենսգիրք էլ նրան ընտրակեղծիքներից չի փրկի: Վերահսկելու համար նախ պետք է ներկա լինել տեղամասերում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է ներկայացուցչական ժողովրդավարությանը, պատգամավորը նշեց, որ այն իրականացվում է երկու՝ ընտրական ու կառավարման համակարգերի միջոցով: Աշխարհում գործող բոլոր տեսակի համամասնական ընտրակարգերը խթանում են կուսակցական համակարգերի կայացմանը, իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի կայացմանը, որը մենք երբեք չենք ունեցել:

«Մեծամասնության կայունությունը լուծում է քաղաքական ճգնաժամերից խուսափելու և անվտանգային խնդիրներ, որովհետև խորհրդարանական համակարգերն այդ պրոբլեմն ունեն, ունեն ճգնաժամներ առաջացնելու պրոբլեմ: Փոքրամասնության կայունության միջոցով լուծվում է իշխանությանը հակակշիռ լինելու խնդիրը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ նոր ԸՕ-ով ունենում ենք ոչ թե մեռելային կայունություն, այլ ժողովրդավարական կայունություն:

Ըստ պատգամավորի` Դաշնակցությունը վստահ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են գնում, և առաջիկա ընտրություններում այն կիրառելով, հղկելով` կարող ենք ունենալ վստահելի ու ժողովրդավարական ընտրություններ: