Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` Հայաստանը ճիշտ է քվեարկել ՄԱԿ-ում՝ դեմ լինելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձևին: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում նա նշեց, որ «ձեռնպահ»-ի ու «դեմ»-ի միջև էական տարբերություն չկա, ավելի լավ է, որ Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը: Ըստ պատգամավորի` եթե դա ճիշտ բանաձև լիներ, ապա բոլորը կողմ կքվեարկեին այդ բանաձևին:
«Հայաստանը չէր կարող դեմ չքվեարկել, եթե Ղրիմի հանրաքվեն միջազգային հանրությունը դնում է կասկածի տակ, այն հանրաքվեն, որը, կպարզվի, ստիպողաբար չի եղել և իսկապես արտահայտել է ժողովրդի ազատ կամքը: Ղրիմի բնակչության 70 տոկոսը ռուսներ են, ի՞նչ է՝ ռուսները չե՞ն ուզել միանալ ռուսներին: Ուրեմն` դա ժողովրդի ազատ կամաարտահայտություն է եղել, հետևաբար` չի կարելի ժողովրդի կամքին հակառակ որոշումներ կայացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում կողմ քվեարկածները կդառնան ձեռնպահ կամ դեմ:
Արմեն Ռուստամյանը հավելեց, որ ակնհայտ երևում են քաղաքական շահերը, որոնք հանգեցնում են երկակի ստանդարտների: Օրինակ՝ այդ հարյուր երկրները, որոնք կողմ են քվեարկել Ուկրաինայի ամբողջականության վերաբերյալ բանաձևին, ինչո՞ւ են կողմ քվեարկել Կոսովոյի անկախությանը: «Հանրաքվեն չի կարող մի տեղ լինել օրինական, մյուս տեղում` անօրինական: Մեր շահը հստակ է, ունենք Արցախի խնդիր, որն ունի իր առանձնահատկությունը: Դեմ եմ, որ այն նույնացնում են Ղրիմի հետ, բայց երկու հարց կա՝ ժողովրդի ազատ կամքի դրսևորում ու ինքնորոշման իրավունք, որը մարդու իրավունքից էլ վեր իրավունք է: Ցանկացած հանրաքվե միանշանակ չի ընկալվում, որովհետև ամեն երկիր իր շահերն է տեսնում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Խորհրդային Միությունն է ստեղծել ազգամիջյան հակամարտությունների հիմքը, և Խորհրդային Միության փլուզումից հետո այդ կոնֆլիկտները մտան արյունալի պրոցեսների մեջ: Պատգամավորը նշեց, որ ներկա պահին էլ Ուկրաինայում անիշխանություն է, և խնդիր կա ՝ հաղթահարելու ճգնաժամը, որը կհաղթահարվի միջազգային նորմերով:
Ինչ վերաբերում է Հայաստանի քվեարկության արդյունքում Ուկրաինայի հայ համայնքի երկակի դրությանը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայ ազգը աշխարհի շատ պետություններում ունի համայնք, և հայկական համայնքները պետք է առաջնորդվեն տվյալ տեղի ժողովրդի կայացրած որոշումներով ու համակերպվեն այդ որոշումների հետ` անկախ այն բանից, թե այդ երկրները միմյանց հետ ինչ խնդիրներ ունեն:
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Հայաստանի քվեարկության գործընթացում եղել է ճնշում Ռուսաստանի կողմից, Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ, բնականաբար, կա քաղաքական խնդիր՝ Մաքսային միության առումով, բայց չի կարծում, թե այդ հանգամանքը միակ գործոնն է եղել քվեարկության ժամանակ, որովհետև եթե այդպես լիներ, ՄՄ անդամ այլ երկրները նույնպես դեմ կքվեարկեին: Պատգամավորի կարծիքով` Հայաստանն այսօր երկակի ստանդարտների ականատեսն է լինում, աշխարհը փոխվել է՝ միաբևեռ աշխարհից անցում կատարելով բազմաբևեռ աշխարհի: