կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 13:15
Իրավական

Դատապարտյալի մայրը նամակ է հղել նախագահին

Դատապարտյալի մայրը նամակ է հղել նախագահին

Երեկ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի առջև` նախագահից պահանջելով միջամտել, որպեսզի ՀՀ վերաքննիչ դատարանը Գուրգեն Գասպարյանի գործով արդարացի վճիռ կայացնի:

 

Գուրգեն Գապարյանը մեղադրվում է ավազակային հարձակում կազմակերպելու մեջ եւ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի` օգոստոսի 22-ին կայացրած վճռով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

 

Այսօր ամբաստանյալի մայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին` մանրամասնորեն ներկայացնելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննված քրեական գործի նախաքննությունն ու դատաքննությունը:

 

«Հարգելի’ պարոն Նախագահ, գրելու ու ներկայացնելու շատ բան կա, բայց ես չեմ կարող լրիվ ներկայացնել, դրա համար էլ դիմումիս կցում եմ վերաքննիչ բողոքի պատճենը, դրանում մանրամասն նշված են և’ ոստիկանների, և’ դատախազի, և’ դատավորի ապօրինություններն ու շահագռգռվածությունը: Շատ եմ խնդրում, հանձնարարեք, որ Ձեր աշխատակիցները կարդան այդ բողոքը: Ոչ մի նորմալ իրավաբան այդ գործին ծանոթանալուց հետո չի կարող ասել, որ որդիս մեղավոր է, էլ չեմ ասում, որ եթե համագյուղացիներին էլ հարցուփորձ անեն, հաստատ կիմանան, որ Գուրգենն այդ հարցագործության կատարմանը չի մասնակցել: Ես չեմ խնդրում, որ որդուս ազատ արձակեն, ես խնդրում եմ, որ այս գործը մատների արանքով չանցկացնեն, իրենց «ապահովության» համար դատավորները մարդկանց ճակատագրի հետ չխաղան ու օբյեկտիվ դատ անեն: Այդ դեպքում կպարզեն, որ որդիս մեղավոր չէ: Ոնց կարելիա չարած բանի համար, ինչ-որ պաշտոնյաների ցանկությունից կամ ակնկալիքներից ելնելով, անմեղ մարդուն դատապարտել 10 տարվա ազատազրկման, կտրել ընտանիքից, անչափահաս երեխաներին թողնել առանց խնամքի, մենակ թե ասեն, որ էս գործն էլ բացահայտեցին»,- նամակի եզրափակիչ մասում` գրում է ամբաստանյալի մայրը: