կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 11:56
Առանց Կատեգորիա

Պաշտոնանկությունների միջազգային փորձից

Պաշտոնանկությունների միջազգային փորձից

Զարգացած երկրներում սեփական սխալը գիտակցելու եւ ներում հայցելու ընդունված գործելակերպ է հրաժարականը: Օրինակ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունըб չիմանալով, որ ձայնագրվում է, անպարկեշտ էր արտահայտվել մի տիկնոջ հասցեին, ձայնագրության հրապարակումից հետո մեկ ամբողջ շաբաթ հեռուստաեթերով ներողություն էր խնդրում ոչ միայն տիկնոջից, այլեւ ամբողջ ժողովրդից: Մեզանում նման վիրավորանքները մշտական են, ներողությունները` բացառված: Մեր իշխանավորները տարբեր առիթներով սիրում են մեջբերել միջազգային փորձը:

 

Նախորդիվ անդրադառնալով պաշտոնանկությունների հայկական տարբերակին` այժմ փոքր «շրջայցով» փորձենք տեսնել, թե աղմկահարույց կամ ոչ այնքան հնչեղ պատմությունների մեջ հայտնված պաշտոնյաներն ու հայտնի անձինք ինչպես են դա հանգուցալուծել: Սկսենք ամենաթարմ դեպքերից:

 

28 հոկտեմբերի, 2013թ. Պաշտոնից հեռացվում է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը: Պատճառը հաճախակի բացակայությունն է աշխատավայրից եւ պաշտոնական լիազորությունների շահագործումը: Քադրի Ջամիլը «Ժնեւ-2» խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկն է եւ Սիրիայի ընդդիմության Ազգային ճակատի ղեկավարը:

 

12 հոկտեմբերի, 2013թ. ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Մայքլ Քերրիին ազատում են աշխատանքից՝ «վստահության կորստի» հիմնավորմամբ: Քերրին չարաշահել է ալկոհոլը եւ ծառայության ընթացքում անվայել պահվածք դրսեւորել: Նրա ենթակայության տակ էին գտնվում երեք ռազմակայաններ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով:

 

29 սեպտեմբերի, 2013թ. ԱՄՆ միջուկային ուժերի հրամանատարի տեղակալ Թիմ Գարդիանին հեռացնում են աշխատանքից` խաղատների նկատմամբ ունեցած թուլության պատճառով:

 

09 հոկտեմբերի, 2013թ. Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռ են բարձրանում Պետդումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւը եւ նրա հարբած օգնականը: Պատգամավորը պահանջում է նրան տեղավորել բիզնես դասում, սակայն ուղեկցորդուհիները մերժում են, ինչի պատճառով պատգամավորը «դեբոշ է սարքում» օդանավում: Կռվարարին հեռացնում են օդանավից, ապա Իսաեւը դադարեցնում է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդում իր անդամակցությունը: Օգնականը ոչ միայն հրաժարականի դիմում է գրում, այլեւ տուգանվում 100 ռուբլով:

 

17 փետրվարի, 2012թ. Իր հրաժարականի մասին ուղիղ եթերով հայտարարեց Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը: Պատճառը գործարար Էգոն Գիրկենսից արտոնյալ պայմաններով վերցրած վարկի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունն էր: Դատախազները նախագահին անձեռնմխելիությունից զրկելու մասին պաշտոնական խնդրանք էին ուղարկել Գերմանիայի խորհրդարան, սակայն նախագահը չսպասեց գործընթացին` անձնական շահերը ստորադասելով երկրի վարկանիշին:

 

17 փետրվարի, 2012թ. Օլիմպիայի թանգարանի կողոպուտը պատճառ դարձավ, որ պաշտոնը լքի Հունաստանի մշակույթի նախարար Պավլոս Գերուլանոսը: Դիմակավոր երկու անձինք կարողացել էին անջատել ձայնաազդանշանային համակարգը եւ տանել 68 նմուշ: Նախարարը գողությունը կապեց Հունաստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի հետ:

 

22 փետրվարի, 2012թ. Հրաժարական տվեց Ավստրալիայի արտգործնախարար, լեյբորիստական կուսակցության անդամ Քեւին Ռադը: Պատճառը հրապարակումներն էին այն մասին, թե ինքը ցանկանում է հասնել վարչապետ Ջուլյա Գիլարդի հրաժարականին: Քեւին Ռադը հրաժարական տվեց, քանի որ մտածում էր, որ բամբասանքները վնասում են իր կուսակցության հեղինակությանը:

 

02 ապրիլի, 2012թ. Հրաժարական տվեց Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը. պատճառը գրագողության մեղադրանքներն էին: Պալ Շմիթը 1992 թվականին թեկնածուական դիսերտացիա գրելիս արտագրել էր այլ գիտնականի աշխատանք: Բուդապեշտի համալսարանի ղեկավարության որոշմամբ` մարտի 29-ին նա զրկվեց գիտական աստիճանից: «Հունգարիայի Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է խորհրդանշի ազգի միասնությունը: Ներկա իրավիճակում, երբ իմ անձնական խնդիրները չեն միավորում ժողովրդին, իմ պարտքն է դադարեցնել ազգին ծառայելն ու լքել երկրի առաջնորդի պաշտոնը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նախագահը:

 

23 հունվարի, 2012թ. Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին պաշտոնից հեռացվեց` նախագահի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին «անբաններ», «անցյալի ուժեր» եւ այլ արտահայտություններով ծաղրելու համար: Վարչապետ Էմիլ Բոկը հրապարակայնորեն ներողություն էր խնդրել ցուցարարներից` նախարարի «անփույթ» արարքի համար:

 

21 օգոստոսի, 2012թ. Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը պաշտոնից հեռացրեց որդուն` Կենտրոնական բանկի փոխնախագահ Չարլզ Սերլիֆին: Որդին տեղեկություններ չէր ներկայացրել իր ակտիվների եւ ունեցվածքի մասին Հակակոռուպցիոն գերատեսչությանը: Նրա հետ միասին նույն ճակատագրին արժանացան եւս 45 պետական պաշտոնյաներ:

 

21 մայիսի, 2012թ. Չինաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը հեռացվեց աշխատանքից 36 մարդու կյանք խլած ավտովթարի վայրում լուսանկարվելու համար: Լուսանկարում նա ոչ միայն ժպտում էր, այլեւ երեւում էին նրա թանկարժեք ժամացույցը, ակնոցներն ու թեւնոցը, որոնք հասարակության հետաքրքրությունն էին առաջացրել պաշտոնյայի եկամուտների վերաբերյալ:

 

02 դեկտեմբերի, 2012թ. Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալներ Յուրի Մեչիտովը եւ Խաթունա Խունդաձեն` անկեդոտների եւ ոչ ցենզուրային արտահայտությունների համար: Դրանք գրառվել էին սոցիալական ցանցերում: Մեչիտովը ծաղրել էր վրացիներին, Խունդաձեն` Սահակաշվիլիին ու նրա թիմին:

 

27 դեկտեմբերի, 2012թ. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն աշխատանքից ազատեց առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դասջերդիին, ով այդ երկրի կառավարությունում միակ կին նախարարն էր: Նախարարին հեռացնելու պատճառը ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին դեղամիջոցների գները բարձրացնելու առաջարկությունն էր:

 

20 փետրվարի, 2013թ. Զանգվածային բողոքի առկայության պարագայում հրաժարական տվեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Բողոքի ցույցերի պատճառը էլեկտրաէներգիայի բարձր գինն էր:

 

20 մարտի, 2013թ. Կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեց Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակը: Ասացին, թե Կայուզակը հնարավոր է ունի գաղտնի հաշիվներ, որոնք օգտագործում է` հարկերից խուսափելու համար: Լրատվամիջոցների ձեռքն էր ընկել 2000 թվականին տեղի ունեցած մի հեռախոսազրույց, որում Կայուզակն իր օգնականին խնդրում է շվեյցարական UBS բանկում փակել չհայտարարագրված հաշիվը` տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Հաշիվը փակվել էր ոչ թե այդ ժամանակ, այլ 2010 թվականին, իսկ դրանում եղած միջոցները փոխանցվել էին Սինգապուր: Նա հրաժարական տվեց` ասելով, որ չի ցանկանում ստվեր գցել կառավարության վրա:

 

10 հունիսի, 2013թ. Ղազախստանում աշխատանքից հեռացվեց աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սերիկ Աբդենովը, ով հաճախ էր քննադատության ենթարկվում կենսաթոշակային ֆոնդում իրականացվելիք ռեֆորմների համար: Աբդենովը ցանկանում էր կանանց կեսաթոշակային տարիքը բարձրացնել` 58-ից հասցնելով 63-ի:

 

Նման դեպքեր` կոռուպցիոն սկանդալների, անպատիվ հայտարարությունների, վիրավորանքների ու զանազան թերությունների օրինակներով, կատարվել են նաեւ Հայաստանում: Բայց երբ վերը շարադրվածը համեմատում ենք Հայաստանում կատարվողի եւ անպատիժ մնալու հետ, դրանք մանկական խաղեր են թվում:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ