կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 16:19
Հասարակություն

Չգործող վարժարանը գումար է ստացել, դեռ ավելին՝ սննդի համար ավել գումար վերցրել

Չգործող վարժարանը գումար է ստացել, դեռ ավելին՝  սննդի համար ավել գումար վերցրել

Այսօր ԱԺ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը ներկայացնում էր 2013թ. կրթության ոլորտի հաշվետվության մասը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ հայտնաբերվել են որոշակի խախտումներ և անհամապատասխանություններ: ՎՊ յոթերորդ վարչության պետը ներկայացրեց այդ հաշվետվությունը:

 

Ըստ այդմ` խախտումներն ու անհամապատասխանությունները արձանագրվել են` ոլորտի երկու ծրագրերի հետ կապված` հատուկ կրթության ծրագրի և մասնագիտացված հանրակրթական ծրագրի: Կրթության նախարարության չորս ՊՈԱԿ-ներում սահմանվածից ավելի հաշվարկելու հետևանքով սննդի ձեռքբերման նպատակով նախատեսվել է 23 միլիոն դրամ ավելի միջոցներ: Այս խախտումը ՎՊ-ն քննարկել է ԿԳՆ-ում եւ առաջարկել ավել ֆինանսավորումները հանել նախահաշիվներից, իսկ տարեվերջին այդ միջոցներն ուղղել պետական բյուջե:

 

Ըստ ՎՊ ներկայացուցչի` այդպես էլ արվել է, նախահաշիվներից այդ գումարները պակասեցվել են և ուղղվել պետական բյուջե: Մասնագիտացված հանրակրթական ծրագրով ստուգումների արդյունքում պարզվել է, որ բյուջեից նախատեսված միջոցներից 194 մլն դրամը պետք է պակասեցվի որոշ ՊՈԱԿ-ներին տրված ֆինանսավորումից, և այդ ՊՈԱԿ-ներն են Ապարանի ռազմական վարժարանը, որին տրվել է ֆինանսավորում այն դեպքում, երբ նախատեսված սովորողներն ու ուսուցիչները չեն եղել, այսինքն` վարժարանը ստացել է գումարներ, բայց գործունեություն չի իրականացրել: Որոշվել է նախահաշիվներից գումարը պակասեցնել և ուղղել պետական բյուջե: Նույնը վերաբերել է նաև «Տիգրան Մեծ» ռազմավարժարանին, «Անանիա Շիրակացի» և «Փոքր Մհեր» կրթահամալիրներին:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ անհամապատասխանությունների մեծ մասի պատճառը իրավական ակտերի թերի լինելն է, որովհետև այդ կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվել է հատուկ դպրոցների կանոնադրության շրջանակներում, և առաջացել է անհամապատասխանություն: Նա նաև կարևորեց ՎՊ գործունեության մեջ օպերատիվ գործելաոճը, այն առումով, որ ՎՊ-ն որոշակի կառույցների հետ է իրականացնում օպերատիվ հսկողություն, իսկ դա նշանակում է, որ հենց ստուգման ընթացքում օպերատիվ հսկողության ռեժիմով կարողանում են առաջ շարժվել:

 

Այդ առումով, ըստ Իշխան Զաքարյանի, ԿԳ-ն օպերատիվ է աշխատել, և դա լավ արդյունք է տվել, որովհետև թերությունները արագ հայտնաբերվել են:

 

«Մենք չենք ասում` տեսեք, այդ գումարները յուրացվեցին, այլ, հայտնաբերելով թերությունը, մենք այդ պրոցեսը կանգնեցնում ենք, նախահաշիվներից հանվում են և ուղղվում պետբյուջե»,- ասաց Իշխան Զաքարյանը: