Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնուամենայնիվ, իրականացրեց իր սպառնալիքը. ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից ուղղակի հանեց «Ժառանգություն» խմբակցության` արդեն նախագահ Զարուհի Փոստանջյանին: Միակ պատճառը, ըստ էության, այն էր, որ Վեհաժողովի նախորդ նստաշրջանում Փոստանջյանը համարձակվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյանին հարց ուղղել եվրոպական կազինոներում նրա կողմից 70 մլն եվրո տանուլ տալու իսկության վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանին մեկուսացնելու այս օպերացիան իրականացրեց միջազգային կազմակերպություններում խորհրդարանական բոլոր պատվիրակությունների կազմերը իբր փոփոխության ենթարկելու քողածածկույթի ներքո:
Որպեսզի ապահովվի դրա իրավական կողմը, նա երկար պրպտումներից հետո պարզապես փոխեց պատվիրակությունների կազմավորման սկզբունքը, որի արդյունքում պատվիրակությունների ձևավորման միակ սկզբունքը դարձավ...ԱԺ նախագահի միանձնյա կամքը: Նրա կողմից ընդունված «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության» նոր կարգի երրորդ կետը հստակ ամրագրում է. «Պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական եւ փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը»: Իսկ քանի որ նրա խորհրդատուները լավ են ուսումնասիրել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների և, մասնավորապես, ԵԽԽՎ կանոնադրությունն ու ԱԺ նախագահի ականջին շշնջացել, որ պառլամենտի նախագահի միանձնյա ցանկությամբ ազգային պատվիրակությունների կազմերը որոշելու համար դրանցում ոչ մի սահմանափակում չկա, վերջինս ընտրել է այս ամենակարճ և իրենց կարծիքով ամենաէֆեկտիվ ճանապարհը:
Ահա թե ինչու է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն անվրդով հայտարարում, թե Զարուհի Փոստանջյանի` ԱԺ նախագահին ուղղված «վատ օրերի» սպառնալիքից առանձնապես չեն անհանգստանում, քանի որ եթե պատգամավորը ԵԽԽՎ-ում բողոքարկի իրեն այս կերպ պատվիրակության կազմից հանելու իրավաչափությունը, նրան կպատասխանեն, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ կանոնադրությանը հակասող գործողություններ չի կատարել: Կասկած չկա, որ այդպես էլ կլինի: Քանի դեռ Փոստանջյանը պատգամավոր է, կամ «Ժառանգություն» խմբակցությունը չի փլուզվել, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ԱԺ նախագահն ամեն ինչ կանի, որ նա երբեք այդ պատվիրակության մեջ չլինի ու հայոց կեղտոտ սպիտակեղենը նման խայտառակ պարզամտությամբ եվրոպաներ չհանի:
Բայց այն մեթոդը, որ ընտրել է Աբրահամյանը Փոստանջյանի ձայնը եվրոպաներում հավերժ կտրելու համար, միայն Փոստանջյանինը չէ այլևս: Նա, ըստ էության, ոչ միայն իրենով է արել ԱԺ պատվիրակությունների կազմերի հաստատման գործառույթը, այլև` դրանցում խմբակցությունների ներկայացուցիչների համամասնությունների որոշման: Այսինքն` գործնականում նա է որոշելու, թե որ քաղաքական ուժը քանի հոգով է այդ պատվիրակություններում ներկայացված լինելու կամ ներկայացվա՞ծ է լինելու առհասարակ, թե՞ ոչ: Իսկ սա արդեն խոսում է ոչ թե Փոստանջյանի, այլ բոլոր պոտենցիալ փոստանջյանների լեզուն կտրելու լծակ ստանալու մասին: ԱԺ քաղաքական փոքրամասնությունը ներկայացնող ուժերը, ըստ այդմ, պատվիրակություններում կարող են ներկայացուցիչ ունենալ ԱԺ նախագահի բարեկամեցողության շնորհիվ, եթե ազնիվ պիոներական խոստում տան, որ կազինոյատիպ հարցեր չեն բարձրացնելու:
Պատվիրակությունների ձևավորման կարգի հաստատման իրավունքը ԱԺ կանոնակարգ-օրենքով տրված է խորհրդարանի նախագահին: Բայց այս մեխանիզմը դրվել է ոչ թե խելագարության կանխավարկածով, այլ բանականությամբ առաջնորդվելու համար: Իսկ բանականությունը հուշում է, որ երբ ԱԺ նախագահը քաղաքական մեծամասնության աջակցությամբ իր կամքը, հավեսը, տրամադրությունը դարձնում է նման հարաբերությունների կարգավորման հիմք, նշանակում է` առաջնորդվում է իր, կուսակցության, ինչ-որ խմբավորման մասնավոր շահերով, բայց ոչ երբեք պետության կամ Ազգային ժողովի: Դա նաև նշանակում է, որ ԱԺ նախագահը ոչ թե իրացնում է իր իրավասությունները, այլ շահագործում դրանք` քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եվ այստեղ ոչ մի կապ չունի` դա արվում է, բառի բուն իմաստով, այդ ընդդիմախոսների ականջները քաշելո՞ւ միջոցով, թե՞ պատվիրակությունների ձևավորման կարգերը իրավական դաշտում իր մտածելակերպին համապատասխան վերաձևելու:
Բայց ԱԺ նախագահը մեծ հաշվով արել է այն, ինչ իրեն թույլատրել են: Իսկ նրան դա թույլատրել է առաջին հերթին քաղաքական փոքրամասնությունը, որի բոլոր խմբակցությունները պատվիրակությունների ձևավորման նոր կարգի և հաստատված նոր համամասնությունների մասին տեղեկությունն ընդունեցին հալած յուղի նման` առանց որևէ ծպտուն հանելու: Կարելի է հասկանալ կենցաղային մակարդակով քինախնդրության փոստանջյանական պրիմիտիվ կեցվածքը չընդունելու` ընդդմության բացարձակ մեծամասնության մոտեցումը: Բայց դա էթիկայի հարց էր, ոչ թե իրավունքի, որը պատվիրակության կազմը փոխելով չէ, որ լուծում են: Ի վերջո, անգամ հովիկաբրահամյանական այս կամայականությունները չեն կարող բացառել մի նոր Փոստանջյանի ի հայտ գալը: Մի՞թե յուրաքանչյուր նման դեպքում Աբրահամյանը նոր կարգ է ընդունելու: Սա շատ նման է գլխի հիվանդությունը բուժելու փոխարեն գլուխը կտրելուն: Պարզապես այս դեպքում խոսքը ոչ թե գլխին է վերաբերում, այլ պատկերավոր ասած` լեզվին: Սա արդեն վերաբերում է պատվիրակությունների անդամներին նշանակելու քաղաքական իրավունքի սահմանափակմանը և այդ իրավունքի պաշտպանության կարողությանը կամ գոնե ցանկությանը: Նույն ուղտը վաղը չոքելու է արդեն նրանցից յուրաքանչյուրի դռանը, բայց դա ոչ ոքի այլևս չի հետաքրքրելու, ինչպես Փոստանջյանի հետ կատարվածը, հատկապես` այս այս ձևով, չի հետաքրքրում իրենց:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ