կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 16:57
Սպորտ

Հայ հրաձիգների փայլուն ելույթը` Ուկրաինայում

Հայ հրաձիգների փայլուն ելույթը` Ուկրաինայում

Հոկտեմբերի 16-20-ը   հայ հրաձիգները  մասնակցում էին  Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացած «Հրաձգության օդամղիչ ձևերից» Ուկրաինայի երիտասարդների առաջնությանը:

Միջազգային մրցաշարն անցկացվել է 5 պետություններ ներկայացնող, մինչև 1993թ. ծնված ավելի քանի 300 մարզիկների մասնակցությամբ:

 

Ի դեպ` նույն օրերին Վինիցցայում զուգահեռաբար անցկացվել է նաև «Գնդակային հրաձգության» Ուկրաինայի մեծ մրցանակի առաջնությունը:

 

 Մարզական միջազգային այս 2 միջոցառումներին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է եղել հայ հրաձիգների 6- հոգանոց թիմով՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:

 Հայաստանի հավաքականի մարզիկներն իրենց դիպուկ կրակոցներով լավագույն արդյունքներն են գրանցել ոչ միայն երիտասարդների, այլև`«Գնդակային հրաձգության» գրան պրիի առաջնությունում:

 

Հրաչ Բաբայնն օդամղիչ հրացան, 10մ վարժությունում 600 հնարավորից խոցել է ռեկորդային 599 միավոր, ինչի շնորհիվ ճանաչվել է «Ուկրաինայի առաջնությունների տարվա լավագույն հրաձիգ» և արժանացել 2 ոսկե մեդալի ու առաջնության գավաթի:

 

 Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) 599 միավորով դարձել է չեմպիոն և սահմանել Ուկրաինայի ռեկորդ: Ի դեպ` այն ռեկորդային արդյունք է նաև Հայաստանի համար:

 

Հրաչ Բաբայանն այս արդյունքով լուրջ հայտ ներկայացրեց փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունում երիտասարդների օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար: Ուկրաինայում նույն վարժության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Բերյանը (ՍՎ)՝ խոցելով 591 միավոր:

 

Օդամղիչ հրացան, 10մ վարժությանը մասնակցում էր 62 հրաձիգ, որոնցից հիմնական փուլ էին անցել լավագույնը հանդես եկած 30-ը: Նույն վարժության աղջիկների պայքարին մասնակցում էր 58 հրաձիգ, որոնցից Սուսաննա Հովհաննիսյանը(ՍՎ) 386 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

 

Օդամղիչ ատրճանակ, 10մ վարժությանը մասնակցել է 60 մարզիկ, որոնց թվում Զավեն Իգիթյանը (I կարգ) 565 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Վազող թիրախ, նորմալ վազք, 10մ վարժության աղջիների պայքարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը (ՍՎ):


Նա 360 միավորով գրավել է 1-ին տեղը՝ ետևում թողնելով 9 մրցակից: Նույն վարժության տղաների պայքարին մասնակցում էր 23 մարզիկ, որոնցից Արթուր Պետրոսյանը (ՍՎ) 546 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Թիմային հաշվարկով ևս եղել ենք առաջատար դիրքերում: Հինգ երկրների շարքում Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը գրավել է 1-ին տեղը և արժանացել գավաթի՝ 2-րդ տեղում թողնելով Բելոռուսիային, 3-րդ -ում՝ Մոլդովային: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկները «Հրաձգության հանրապետական» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան» մարզադպրոցների սաներ են: