Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա Հայաստանի գրողների միության համագումարը, որի ընթացքում էլ կընտրվի ՀԳՄ նախագահ: Արդեն հայտնի է, որ ՀԳՄ նախագահի թեկնածուները երեքն են` Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան եւ Դավիթ Սարգսյան: yerkir.am-ի զրուցակիցն է Հովիկ Հովեյանը.
-Նորընտիր նախագահի առաջնահերթ խնդիրը ո՞րը պետք է լինի:
-Ունենալ առանձանզրույցներ գրողներից յուրաքանչյուր հետ: Յուրաքանչյուր գրող ինքնին արդեն մի ծրագիր է` իր հոգսով, իր առաջադրանքով ու պահանջով: Անհրաժեշտ է գտնել այդ բոլոր հարցերի լուծման բանալին: Անելիքներն այժմ կարգախոսային բնույթ կկրեն: Բոլոր երեւյալ թեկնածուները եւ նրանք, ովքեր դժբախտաբար զրկվեցին պայքարի հնարավորությունից, նույն բանը կասեն` մենք պետք է շտկենք, վերակառուցենք, նորն անենք: Չհավատաք ոչ մի խոստմանը, քանի որ ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը /խոսքն Էդվարդ Միլիտոնյանի մասին է/ եղել է ՀԳՄ քարտուղարը: Նա օրեր առաջ հեռուստաշոուի ժամանակ, երբ ՀԳՄ-ն հայտարարվեց «ճռռացող սայլ», հակահարված չտվեց եւ չասաց, որ այդ ճռռացող սայլի սայլապաններից մեկն էլ ինքն է եղել: Կա'մ ինքը խուլ ու համր է եղել եւ չի տեսել այդ թերությունները, կամ էլ ժամանակից շուտ լքել է այդ սայլը: Ժամանակավոր պաշտոնակատարը մի շարք խախտումներ է արել:
-Ի՞նչ խախտումների մասին է խոսքը:
-Նա` իբրեւ թեկնածու, պետք է հրաժարված լիներ պաշտոնակատարի իր իրավունքներից, որպեսզի հավասարազոր իրավունքներ ստեղծեր մյուս թեկնածուների համար: Այլապես ստացվում է` ինքը գործող նախագահ է եւ միաժամանակ`նախագահի թեկնածու: Նույնիսկ նախագահը, գործադիրը ընտրություններից առաջ հրաժարական են, չէ՞, տալիս: Եւ ամենակարեւորը` արդեն խախտվել է ՀԳՄ կանոնադրության այն կետը, ըստ որի` ՀԳՄ համագումարն է առաջադրում եւ հաստատում իր թեկնածուներին, եւ նախապես չպետք է լինեն այդ քարոզարշավները, ինչն արդեն արել է «պարոն ժամանակավորը»: Կիրովականում` Վանաձորում, նա նախընտրական քարոզարշավ է անցկացրել ու կոչ արել քվերակել իր օգտին, երբ դեռ հայտնի չէր ոչ մի թեկնածուի անուն: Ի դեպ` այս ամենի տեսագրությունը համացանցում կա: Միլիտոնյանը նաեւ այցելություններ է ունեցել Ղարաբաղ` շուտափույթ եւ խուճապահար: Անշուշտ, նպատակը Ղարաբաղի ճարտարապետական հուշարձանների դիտարկումը չէր, եւ ես իսկապես վստահ չեմ, որ Ղարաբաղի գրողները կարող են քվեարկել իրենց կամքով: Կանոնադրության մեջ շատ կետեր կան, որ վերջին 3-4 ամսվա բարեշրջումներից հետո չեն համապատասխանում իրար: Կարծում եմ` «ժամանակավորի» գերխնդիրը պետք է լիներ կոնանադրական այս կետերը հարթելը. օրինակ, ըստ 3.3.1-ի` «ՀԳՄ անդամ կարող են լինել եւ դառնալ ՀՀ, ինչպես նաեւ արտերկրի բոլոր հայազգի այն ստեղծագործողները, ովքեր…»: Այս դեպքում ինչպե՞ս ենք վարվելու մեր քուրդ, ասորի, ռուս, հույն գրողների հետ: Կամ` 4.4.1 դրույթը, ըստ որի էլ` ՀԳՄ անդամն իրավունք ունի մասնակցել կազմակերպության ժողովներին, ընտրել եւ ընտրվել բարձրագույն եւ այլ մարմիններում: Իսկ մեր սփյուռքահայ գրողները վերածվել են ընտրազանգվածի: Այսօր իմացա, որ Բեյրութի` Լիբանանի համայնքը, ծրարով ներկայացրել է իր առաջադրած թեկնածուին. բոլորը քվեարկել են ժամանակավոր պաշտոնակատարի օգտին, քանի որ այստեղ գործում է Սարգիս Կիրակոսյան անունով մի լիբանանցի գրող եւ զբաղվում Միլիտոնյանի քարոզով: Սա անթույլատրելի է, քանի որ ՀԳՄ բարձրագույն մարմինը` համագումարը միայն իրավունք ունի առաջադրելու եւ հաստատելու թեկնածուներին, եւ հենց համագումարի ընթացքում պետք է ընթերցվեն ծրագրային դրույթները: Քաղաքական քարոզարշավի է վերածվել այն, ինչ կատարվում է, բնորոշ է քաղաքական ընտրություններին: Վարչակազմն արդեն վարկաբեկել է իրեն. ամեն գնով խուճապահար փորձում են ձայներ կորզել Սփյուռքից եւ Արցախից:
-Երիտասարդ գրողները ցանկանում էին իրենցից մեկի թեկնածությունն առաջադրել, սակայն հետո, իրավիճակից ելնելով, հրաժարվեցին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Շատ լավ կլիներ, որ նրանք էլ իրենց թեկնածությունն առաջադրեին: Եւ հետո` լավ կլիներ, եթե ՀԳՄ նախագահի թեկնածուները լինեին 5-6-ը. ձեզ ո՞վ է ասել, որ առաջադրված թեկնածուներն են հենց արժանի ընտրվել ՀԳՄ նախագահ: Այս նախնական քարոզարշավը ժամանակավոր պաշտոնակատարի հապճեպ ստեղծած իրադրությունն է, որպեսզի, ի նպաստ իրեն, ձայներ հավաքվեն, Սփյուռքն ու Ղարաբաղը դառնան ընտրազանգված եւ գործիք:
-Վերջին տարիներին ՀԳՄ անդամ դառնալ ցանկացողների մեծ հոսք գրանցվեց: հարցի հետ կապված` ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում:
-Այո, ճիշտ եք: Ես եւ իմ համախոհ գրողներից շատերն օտարված ենք ՀԳՄ-ի գործառույթներից եւ միայն հոբելյանական առիթներին ենք ՀԳՄ այցելում: Ես տեղյակ չեմ, թե ի՞նչ սկզբունքով են ՀԳՄ անդամ դառնում: Իմ ծրագրային դրույթներից մեկն, այո, այդ հարցի լուծումն է առաջարկում. ՀԳՄ անդամ ընդունող հանձնաժողովին հանձնարարել ամեն տարի 3-5 ստեծագործող ընդունել ՀԳՄ շարքերը, ՀԳՄ անդամության թեկնածու կարող են լինել 18-ից բարձր տարիք ունեցող այն թեկնածուներն, ովքեր կներկայացնեն պետական պատվերով հրատարակված որեւէ ստեղծագործություն. այսինքն` տարեկան 3-5 գրող կարող է ՀԳՄ անդամ դառնալ, քանի որ փոքր տարածքներ ունեցող երկրներում` Էստոնիա, Ֆինլանդիա, տարեկան հազիվ 1-3 մարդ են ընդունում: Իսկ մինչ այդ տրցակով մարդկանց ընդունելությունը, կարծում եմ, ձայներ հավաքելու նպատակ է հետապնդել: Սա ծիծաղելի է եւ բնորոշ` գյուղապետի ընտրությանը: Ամոթ է:
-Երիտասարդ գրողներն ասացին, որ համագումարի օրն իրենք ՀԳՄ նախագահին կներկայացնեն իրենց առաջարկությունները: Եթե անգամ Դուք չընտրվեք ՀԳՄ նախագահ, պատրա՞ստ եք այս կամ այն կերպ համագործակցել նրա հետ:
-Ես ստեղծագործող մարդ եմ եւ իմ բոլոր ամբիցիաները վերաբերում եմ իմ ստեղծագործությանը: Ես հասանելի եւ հասու մարդ եմ, իմ նպատակն է ՀԳՄ-ն դարձնել բոլոր գրողների միություն, քանի որ այսօր ՀԳՄ-ն առանձնաշնորհյալ մի քանի մրցանակակիր գրողների տարածք է դարձել: Տասնյակ, հարյուրավոր գրողներ օտարված են, չլսված, չընկալված, եւ նրանց լռությունն ընկալվում է իբրեւ բողոքի եւ վիրավորանքի բարձրաձայնում: Ես պիտի սեղմեմ ընտրվողի ձեռքն ու զբաղվեմ իմ ստեղծագործական աշխատանքով: Բոլորին հաջողություն եմ մաղթում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ