կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 12:14
Մշակույթ

Երեւանյան պրեմիերա, Կոմիտաս եւ բիսեր` ՀՊԵՆ-ի համերգին

Երեւանյան պրեմիերա, Կոմիտաս եւ բիսեր` ՀՊԵՆ-ի համերգին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, /գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան/, կոնտրաբասահար Հայկ Խաչատրյան, ջութակահար Հայկ Կազազյան, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկի եւ 2 ժամ շունչները պահած հանդիսատես...

 

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ հերթական համերգը:

 

Համերգի առաջին մասում կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանը կատարեց Սերգեյ Կուսեւիցկու «Կոնտրաբասի կոնցերտը», որը երեւանյան պրեմիերա էր: Սակայն Խաչատրյանը հանդիսատեսի պահանջով եւս մեկ ստեղծագործություն կատարեց, որից հետո միայն բեմը «տրամադրեց» Հայկ Կազազյանին:

 

Կազազյանը կատարեց Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը», որից հետո հանդիսատեսը բիս պահանջեց, իսկ Հայկն անակնկալ մատուցեց հանդիսատեսին` կատարելով Կոմիտասի «Կռունկը»:

 

Համերգի երկրորդ մասում դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին կատարեց ոչ թե մեկ, ինչպես նախատեսված էր, այլ երեք ստեղծագործություն` հնչեցին Պրոկոֆեւի, Սկրյաբինի եւ Շոպենի գործերից: Ի դեպ` Ռոմանովսկին երեւանյան համերգով հանդես կգա նաեւ նոյեմբեր ամսին, բայց այս անգամ` Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:

 

Համերգի վերջում Հայկ Կազազյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Հայաստանում ելույթ էր ունեցել 17 տարի առաջ, երբ երեխա էր, եւ շատ հուզիչ էր կրկին հայ հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալը:

 

«Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ինձ, հենց դուրս եկա բեմ, էներգետիկայից զգացի: Ինձ համար դժվար էր եւ պատասխանատու այսքան տարիների ընդմիջումից հետո ելույթ ունենալ, սակայն իմ փորձն ինձ օգնեց: Կարծում եմ` սա կլինի իմ հայաստանյան համերգների սկիզբը»,-ասաց Կազազյանը:

 

Ըստ նրա`Սիբելիուսի «Ջութակի կոնցերտը» շատ բարդ ստեղծագործություն է ոչ միայն մենակատարի, այլ նաեւ` նվագախմբի համար, սակայն հանդիսատեսի արձագանքից պարզ էր` իրենց հաջողվեց այն հիանալիորեն կատարել:

 

«Երբ բիս պահանջեցին, մտածում էի ինչ կատարել: Ուզում էի հայկական ինչ-որ ստեղծագործություն կատարել. ընտրեցի «Կռունկը», իսկ ստեղծագործության ավարտից հետո ես հանդիսատեսից պակաս հուզված չէի»,-ասաց Կազազյանը:

 

«Վերջին շրջանում երիատասարդների հոսքը դասական համերգներին պակասել է»,- հավաստիացնում է Կազազյանը: Ըստ նրա` ժամանակն է, որ երիտասարդները ոչ միայն գիշերային ակումբներով հետաքրքրվեն, այլ երբեմն-երբեմն դասական համերգների հաճախեն.«Ճիշտ է` դասականը զվարճանալու, ուրախանալու համար չէ, բայց այն մտածելու տեղիք է տալիս, ինչպես նաեւ` մի շարք կարեւոր զգացողություններ ապրելու: Այո, ոչ բոլորը կարող են հասկանալ այն, բայց զգալ` կարող են»: