Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորից բեմադրվել է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան: Նոր բեմադրության հեղինակը Մարիո Կոռադին է: Իտալացի բեմադրիչը վերջին անգամ «Աիդա»-ն բեմադրել է 9 տարի առաջ` Մարսելում, որտեղ Աիդայի դերերգը կատարել է Հասմիկ Պապյանը: Երգչուհու կատարողականությամբ տպավորված` իտալացի բեմադրողը հիացած է հայկական վոկալ դպրոցի հնարավորություններով:
Պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 23-ին: Պրեմիերային հանդես կգան աշխարհահռչակ օպերային երգիչներ` սոպրանո Հասմիկ Պապյանը եւ տենոր Գեորգի Օնիանին: Հաջորդ երկու օրերին` դեկտեմբերի 25-ին եւ 26-ին եգիպտացի զորավարի եւ ստրկուհու դժբախտ սիրո պատմությունը կներկայացնեն Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մարինե Դեինյանը, Սարգիս Աղամալյանը եւ Ռուբեն Նուրիջանյանը: Պրեմիերայից հետո «Աիդա»-ն կընդգրկվի թատրոնի խաղացանկում:
Առաջին անգամ օպերային արվեստի այս հիասքանչ ստեղծագործությունը բեմադրվել է 1871-ին` Եգիպտոսում` բուգերի բնական զարդարաքով, Հայաստանում` 1941-ին` Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Բեմադրությունն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ եւ մեր երկրում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, «ԱրտԹիմ»-ի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ: Ներկայացման զանգվածային տեսարանների բեմականացմանը պատրաստակամ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ոստիկանական ակադեմիան:
«Օպերային թատրոն ունեցող ազգերը դասվում են քաղաքակիրթ ազգերի շարքին: Հայերիս համար օպերան մշակութային մեծ արժեք է: Վերդիի «Աիդա»-ի նման գլուխգործոց բեմադրելու օպերային թատրոնի հնարավորությունը վկայում է Հայաստանի սոցիալական եւ մշակութային ոլորտների բարձր մակարդակի մասին: Ազգային արժեք ունեցող նման միջոցառումներ հովանավորելու գործում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ դրանով մենք նպաստում ենք երկրում ժամանակակից արվեստի, մշակութային երկխոսության եւ մշակութային նորարարության զարգացմանը: Իսկ որ առավել կարեւոր է` նման ձեռնարկների շնորհիվ աճում է երգիչների, դերասանների, կատարողների, ինչպես նաեւ օպերան սիրողների նոր սերունդ: Սա մի արժեք է, որը մենք պետք է պահպանենք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասլ է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: