կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 15:50
Հասարակություն

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը` նախագահականում

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին:

Հանրապետության նախագահը կարևորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ` տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը` ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է: Նախագահի համոզմամբ` ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաև միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

 

Հանդիպմանը, նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:

 

Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ` Ծաղկաձորում արդյունավետ է համարել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է: Նա կարևորել է նաև երկրների միջև փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

 

Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում: