կարևոր
4945 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-19 11:28
Քաղաքական

Ինչո՞ւ Փաշինյանը խոսեց հենց Առյուծից, որը մեր զինանշանում Արևելյան Հայաստանի մարմնավորումն է. արդյո՞ք նրա համար ներկա Հայաստանի գոյությունն է ժամանակավրեպ

Ինչո՞ւ Փաշինյանը խոսեց հենց Առյուծից, որը մեր զինանշանում Արևելյան Հայաստանի մարմնավորումն է. արդյո՞ք նրա համար ներկա Հայաստանի գոյությունն է ժամանակավրեպ

ՀՀ Ազգային ժողովում ազգային խորհրդանիշների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ներկա պայմաններում ՀՀ զինանշանը չի արտացոլում մեր երկրի հոգեվիճակը, հերթական գաղափարական պայքարն է հայ ժողովրդի ժառանգության և նրա նվիրական իղձերի դեմ։

Փաշինյանի և իր խունտայի գաղափարներն ու գործողություններն ուղղված են հայ ժողովրդի պատմական հիշողությունը, նրա հիմնասյուները ջախջախելուն։

Հիշենք, թե որն է ՀՀ զինանշանի իմաստը. 1919 թ. մա­յի­սի 28-ին Հա­յաս­տա­նի Առաջին հանրապետության կա­ռա­վա­րութ­յու­նը հանդես եկավ միաց­յալ Հա­յաս­տա­նի հռչա­կագ­րով, և ստեղծված զինանշանն արտացոլում էր այս գաղափարը։

Ընդ որում, զինանշանի բոլոր պատկերները՝ թվով տասը պատկեր, ունեն առանձին ակնհայտ խոր­հուրդ­ներ, և միա­սին մարմ­նա­վո­րում են մեկ խորհր­դանշական իմաստ՝ ՀԱՅՈՑ ՓԱՌՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ իմաստը։ Հենց այդ իմաստի՝ ՀԱՅՈՑ ՓԱՌՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ դեմ ՀՀ խորհրդարանում խոսեց Փաշինյանը։ Նա իր սիրելի Էրդողանի ու Ալիևի հետ միասին դե՞մ է հենց այս գաղափարին։

Ի՞նչ խորհուրդներ կան զինանշանի առանձին պատկերի մեջ։ Զինանշանի ներքևի մասում, այսինքն նրա կառուցվածքի հիմքում փառքի ժապավենի վրա տե­ղադր­ված են աշ­խա­տան­քը խորհր­դան­շող ցո­րե­նի խուր­ձը, խա­ղա­ղութ­յան խորհր­դան­շան ձի­թե­նու ճյու­ղը և­ ա­զա­տութ­յան ու ան­կա­խութ­յան պայ­քա­րի խորհր­դան­շա­նը՝ շղթան փշրող սու­րը:

Ինչի՞ն է դեմ Փաշինյանը՝ աշխատանքի՞ն, խաղաղությա՞նը, թե՝ դե՞մ է հայության ազատության ու անկախության համար պայքարին։

Այս հիմ­նա­րար ար­ժեք­ներն ար­տա­հայ­տող կա­ռույ­ցի վրա վեր խո­յա­ցող հա­յոց փառ­քի վա­հա­նին մեր չորս արքայական տոհմերի զինանշանները խորհրդանշում են մեր միասնական Հայրենիքը։ Այսպիսով, վա­հա­նը ա­ջից բռնած ար­ծի­վը Արևմտ­յան և վա­հա­նը ձա­խից բռնած առ­յու­ծը Ար­ևել­յան Հա­յաս­տան­ներն են: Փաշինյանը դեմ է մեր Հայրենիքի՞ն։

Վահանի կենտրոնում մարդկության փրկության խորհրդանիշներն են՝ Սուրբ Ա­րա­րա­տը և ն­րա վրա հանգր­վա­նած Նոյ­յան տա­պա­նն է։ Փաշինյանը փրկութ­յա՞ն դեմ է։

Նշված արժեքների հայ ժառանգորդի անունը՝ ՀՀ, խնդրահարո՞ւյց է Փաշինյանի և հատկապես իր սիրելի Էրդողանի ու Ալիևի համար։

Այո՛, մեր զինանշանը չի արտահայտում մեր՝ հայերս թշնամիների ցանկությունները։ Այն անհանգստացնում է մեր թշնամիներին, քանի որ արտահայտում է մեր գոյության շարունակականության խորհուրդը։

Բայց Փաշինյանը հատկապես խոսեց Առ­յու­ծից, որը մեր զինանշանում Ար­ևել­յան Հա­յաս­տանն է իմաստավորում։ Կապ չկա՞ 1991-ին կրկին հիմնադրված մեր պետականության հատ։

Ինչո՞ւ է առ­յու­ծիը խորհրդանշում Ար­ևել­յան Հա­յաս­տանը։ Ար­շա­կուն­յաց Հայաստանի ան­կու­մից դա­րեր անց Մեծ Հայ­քի մի հատ­վա­ծում՝ Ար­ևել­յան Հա­յաս­տա­նում, հաս­տատ­վեց Բագ­րա­տուն­յաց թա­գա­վո­րութ­յու­նը: Մեծ Հայ­քի թագա­վո­րութ­յան խորհրդանիշ Ար­ծի­վն­ այդպիսով աս­տի­ճա­նա­բար գի­տակց­վեց որպես Արևմտ­յան Հա­յաս­տա­նի խորհր­դան­շան, ո­րի վրա հա­յոց պետականություն այլևս չվե­րա­կանգն­վեց։ 

«Առաջին հերթին հարցը մեր ազգային սրբությունները պահպանելն է, որովհետև զինանշան ասելով չպետք է հասկանանք միայն սոսկ զինանշան։ Հարցին չպետք է մոտենանք նյությպաշտական տեսակետից, որովհետև զինանշանը մեր ազգի խորհրդանիշն է ավելի ճիշտ՝ խորհրդանիշերից մեկը»,- ընդգծում էր նկարիչ Սեյրան Խաթլամաջյանը, որը նորանկախ Հայաստանին վերադարձրեց Ալեքսանդր Թամանյանի ու Հակոբ Կոջոյանի հեղինակած Առաջին հանրապետության զինանշանը: Խաթլամաջյանի զինանշանի տարբերակն ընդունվել է 1992թ ապրիլի 19-ին Գերագույն խորհրդում, բայց հասարակությանը անհայտ պատճառներով կիրառության մեջ է մտել նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի զինանշանի ոճավորված, կլորացված տարբերակը՝ զինանշանագիտության կանոնների կոպիտ խախտումներով։ Նկարիչ Կարեն Աղամյանի վերջին տարիների մասնագիտական ​​դիտողությունները վերաբերում են ներկայիս զինանշանի այդ կոպիտ սխալներին։ Միակ զարմանքն այն է, թե ինչու վերջինս չի նշում, որ կա օրենքով ընդունված ճիշտ տարբերակ։

Փաշինյանի նպատակը միայն զինանշանը քննարկե՞լն է։ Ամենայն հավանականությամբ՝ ո՛չ։

Ինչպես թշնամին է փորձում նոր ճակատներ բացել, որպեսզի նրա հակառակորդը ստիպված լինի միաժամանակ արձագանքել տարբեր ուղղություններով և տարբեր մարտահրավերների պատասխանել, այնպես էլ Փաշինյանի խունտան ամեն շաբաթ նոր գաղափարներ ու նախագծեր է նետում հանրային դաշտ՝ ընդդիմադիրներին թուլացնելու և մաշելու համար։ Դա նաև նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։ Այս հմուտ ռազմավարությունը մշակել են Փաշինյանից ու նրա խունտայից շատ ավելի խելացի մարդիկ։ Մշակողները ակնհայտորեն հայ ժողովրդի բարեկամները չեն։

Հովհաննես Գռուզյան