կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 16:08
Քաղաքական

ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու խնդիր չի դրել. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու խնդիր չի դրել. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի իշխող կուսակցության հետ, հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն քառյակի ուժերից միակն է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, նշեց. «Ոչ, ՀՅԴ-ն ոչ մի կերպ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել: Այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ կետերն էինք ներկայացնում: Այն ժամանակ էլ ասացին` ՀՅԴ-ն ուզում է կոալիցիա կազմել, դրա համար է կետեր ներկայացնում: Մենք մեր տեսակետներն ունենք քսան-քսանհինգ տարի, արտահայտել ենք ու շարունակում ենք պաշտպանել այդ տեսակետները: Եվ եթե այդ տեսակետներից մեկը պաշտպանվում է, մենք համարում ենք, որ դա դրական գործընթաց է, ու անկախ նրանից, թե ով է այդ տեսակետն ընդունում, մենք պատրաստ ենք համագործակցել ու այդ տեսակետը իր իրագործմանը հասցնել»:

 

Պատգամավորի խոսքով` ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀՅԴ-ն կողմ է եղել խորհրդարանական համակարգին: «Մեզ ասում են` կողմ եք` չտեսնելով նախագիծը, մենք ասում ենք` եթե ուզում ենք խորհրդարանական համակարգին անցնել, դրա համար սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, մենք դրա համար ենք սահմանադրական բարեփոխումներին կողմ, ոչ թե ինքնանպատակ ենք կողմ: Չենք կարող կողմ չլինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ուզում ենք, որ համակարգը փոխվի, այլ ճանապարհ չկա: Ինքնանպատակ կոալիցիա կազմելու ցանկություն Դաշնակցությունը երբեք չի ունեցել, եթե այդպես լիներ կոալիցիայից դուրս չէինք գա, էլի»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ շուտով քառյակը հանդիպում կունենա, ու իրենք իրենց այս մոտեցումը կպաշտպանեն: Ինչ վերաբերում է քառյակի մասնատմանը, նա նշեց, որ միշտ էլ ասել են` քառյակ է այնքանով, քանի չորս ուժերով համաձայն են ինչ-որ բանի հետ, մնացած հարցերում ազատ են տնօրինելու իրենց տեսակետները: