Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաջարանի 55-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցած Սերժ Սարգսյանը ելույթում ուշագրավ համոզմունք է հայտնել. «Ես վստահ եմ, սիրելի' քաջարանցիներ, որ 5 տարի հետո, 10 տարի հետո դուք ավելի երջանիկ եք լինելու...»: Նախագահը խոսում էր քաջարանցիների հետ, բայց, վստահաբար, այդ երջանիկ լինելը վերաբերում է Հայաստանի ողջ ժողովրդին: Ավելի երջանիկ լինելը ենթադրում է նախապես լինել երջանիկ, իսկ հետո դրան ավելացնել երջանկության չափաբաժին: Արդյո՞ք երջանիկ են այսօր հայաստանցիները, եւ արդյո՞ք ավելի երջանիկ լինելու հնարավորություններ կան:
2007թ. մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպումներ ունենալով Երեւանի ընտրողների հետ, խոստացավ. «Մենք ուզում ենք ձեւավորել այնպիսի կառավարության, որի յուրաքանչյուր անդամի համար պաշտոնը հարստանալու միջոց չէ, իսկ ժողովրդի խնդիրները լուծելը` պատվի, նամուսի հարց է, այնպիսի կառավարություն, որն ի վիճակի է Հայաստանը դարձնել ծաղկող երկիր»: Ապա Սերժ Սարգսյանը խոստացավ հաջորդ 3 տարիների ընթացքում ամբողջովին հաղթահարել աղքատությունը: Ըստ խոստման` 2010 թվականի մայիսի 7-ին Հայաստանում աղքատ չէր լինելու:
Թե ինչպես է Սերժ Սարգսյանի կառավարությունն աշխատում եւ հարստանում է, թե` ոչ, նա եւ ընթերցողը շատ լավ գիտեն:
Ուղիղ 5 տարի անց` 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ապրիլի 26-ին Տավուշի մարզի ընտրողներին Սերժ Սարգսյանն ասաց հետեւյալը. «Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր չեն կարող աշխատանքով ապահովել ընտանիքի ապրուստը, մենք չենք կարող անտարբեր լինել աղքատության նկատմամբ, մենք ունենք մեր ներքին թշնամին, դա մեր երկրում բուն դրած աղքատությունն է: Այդ թշնամին բոլորի մեջ է: Աղքատությունն այսօր համազգային ոսոխ է, որի դեմ պայքարելու համար պետք է միացնենք մեր բոլոր ուժերը»: Համաձայնելով` հինգ տարի առաջ եւ հինգ տարի հետո ասված մտքերին` կուզեինք հարցել` իսկ ի՞նչ է արվել այս երկու հայտարարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, եւ ինչու խոստացվածի` աղքատությունը իսպառ վերացնելու փոխարեն այսօր ունենք 40 տոկոս, իսկ ոչ պաշտոնական թվերով` դրա կրկնակի աղքատություն:
Ինչու է Հայաստանում ահագնացող չափերի հասել գործազրկությունը, եւ ինչու են պաշտոնապես աղքատ համարվածների 1/3-ը աշխատանք ունեցողները: Ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը նախորդ տարի ուշագրավ թվեր ներկայացրեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում աղքատների թիվն աճել է 5 տոկոսով, այն դեպքում, երբ նա խոստացել էր վերացնել:
Հայաստանից արտագաղթը հասնում է աղետալի չափերի. այս տարվա առաջին 8 ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը 41 հազարով գերազանցում է ժամանածների թիվը: Իսկ մենք գիտենք, որ մեկնողների մեծ մասը գնում է ավտոբուսով, քանի որ մատչելի է: Հայաստանը հասել է ծերացող երկրի վտանգավոր աստիճանին:
Նախագահն այս ամենը խոստանում ու հանձնարարում է կարգավորել ամեն նախընտրական ծրագրի, ելույթների եւ պաշտոնավարման ընթացքում հաճախ տեղի ունեցող խորհրդակցությունների ժամանակ: Իսկ խնդիրները գնալով կուտակվում են: Եվ ուրեմն` ի՞նչ հույս, թե 5-10 տարի հետո երջանիկ կլինենք:
Հավանաբար, տեսնելով որ իր պաշտոնավարումը հայ ժողովրդի ուսերին միայն խնդիրներ է ծանրացրել, Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ 5-10 տարի հետո ավելի երջանիկ ենք լինելու, նկատի ուներ հետեւյալը. 5 տարի հետո երջանիկ կլինենք, որովհետեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է համարյա այդքան ժամանակ, 10 տարին էլ նրա համար է, որ իր գնալուց հետո մի 5 տարվա ընթացքում հնարավոր լինի որոշ դրական բաներ վերականգնել: Եթե, իհարկե, իշխանությունը փոխվի, այլ ոչ թե փոխանցվի ժառանգաբար:
Ի դեպ, ՄԱԿ-ը կազմել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը` կազմված 150 երկրից: Հայաստանը 128-րդ տեղում է: Ասել է, թե մեզանից հետո էլի երկրներ կան: Արդեն վատ չէ...
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ