Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական կուսակցության փոխանախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը կարողացել է ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, որը կարելի է կշռել արդյունքներով: Ընդ որում, ըստ Սահակյանի, երկրի դիրքերը գործող նախագահն ամրապնդել է` սկսելով ավելի հիմնավոր գործընթացներ` Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտար քաղաքականության հիման վրա:
Որքան էլ բարդ լինի մեկնաբանել Գալուստ Սահակյանի մտքերը, մեկ բան ակնհայտ է` եթե անգամ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Հայաստանը վերջնականապես «իզգոյ» դարձած լիներ միջազգային ասպարեզում, միևնույն է, ՀՀԿ-ում ոչ միայն որևէ մեկը համարձակություն չէր ունենալու անկեղծորեն խոստովանել այդ փաստը, այլև սկսելու էին պնդել, թե հենց այդ մեկուսացվածությունն է միայն բխում Հայաստանի կենսական շահերից, և դա նախագահի խոհեմ, իմաստուն քաղաքականության արդյունքն է:
ՀՀԿ-ում ընդհանրապես չեն մտածում, այստեղ միայն վավերացնում են և ծափահարում, իսկ Գալուստ Սահակյանի համար դա ամենօրյա տքնաջան աշխատանք է: Ի վերջո, այնքան էլ հեշտ չէ համոզիչ կերպով գովաբանել բաներ, որոնք ոչ վաղ անցյալում նույն համոզիչ կերպով մերժում ու քննադատում ես: Օրինակ` եթե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում չհայտարարեր Մաքսային միությանը միանալու մասին, ՀՀԿ-ում այդպես էլ չէին իմանալու, որ Հայաստանն անվտանգության ապահովման խնդիր ունի, և այդ տեսակետից Ռուսաստանը մեզ համար անփոխարինելի գործընկեր է: Եվ միայն այդ գիտակցությանը գալուց հետո հասկացան, որ ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը վնասում էր Հայաստանի շահերին: Իսկ մինչ այդ միամիտ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում էր, թե Մաքսային միությունը սկզբունքորեն է հակասում Հայաստանի շահերին:
Այսպիսով` ՀՀԿ-ում դեմքի լուրջ արտահայտությամբ հասարակությանը համոզում են, որ երեք տարի շարունակ իշխանությունը, ՀՀԿ-ական քաղաքական մեծամասնությունը իրականացրել են անմեղսունակ արտաքին քաղաքականություն, որովհետև մտել են մի գործընթացի մեջ և դա հասցրել ստորագրման նախաշեմին` առանց հասկանալու, որ դրա արդյունքում կարող է տուժել Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ եթե իսկապես միայն Մաքսային միությանը միանալն էր անվտանգության ապահովման երաշխիքը, ապա անիմաստ պետք է լիներ Եվրամիության հետ ասոցացման խաղերի մեջ մտնելը և պարտավորություններով սեփական վզի օղակը սեղմելը: Հետաքրքրական է` եթե Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության գործոնը եվրոպացիների հետ վարվող ասոցացման բանակցությունների և համաձայնագրերի բովանդակությունը վերջնական տեսքի բերելու ողջ ընթացքում հաշվի չի առնվել, ապա ի՞նչն է ընդհանրապես հաշվի առնվել:
Ահա այս ամենի ֆոնին բացարձակապես տարօրինակ չի թվում, թե ինչպես կարող է Գալուստ Սահակյանը համոզել, որ եվրոպացիներին մի բան ասելը, նրանց հետ մի բանի շուրջ համաձայնության գալը, հետո այդ ամենից միանգամից հրաժարվելը ամրապնդում է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Գուցե համամատությունն այնքան էլ տեղին չէ, սակայն, երբ Հունգարիան սեպարատ համաձայնություններով Ադրբեջանին էր արտահանձնում հանցագործ Ռամիլ Սաֆարովին, Հայաստանը պաշտոնապես Բուդապեշտին մեղադրում էր այդ հարցում իրենց միջև առկա համաձայնությունները խախտելու մեջ: Այդ ամոթալի գործարքից հետո արտգործնախարար Նալբանդյանը նույնիսկ հայտարարեց. «Այսօր հունգարական կառավարությունը չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իր դիրքորոշման մեջ...»:
Եթե առաջնորդվենք Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ, ապա Սաֆարովին չհանձնելու պարտավորությունից հրաժարվելով և դիրքորոշումը փոխելով, այդ կերպ միջազգային հանրությանը մոլորեցնելով ու խաբելով` Հունգարիան, փաստորեն, ամրապնդում էր իր միջազգային դիրքը: Այդ դեպքում ինչո՞ւ կասեցրինք այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Սկզբունքայնության նույն` հանրապետական ընկալումներն են նաև Ռ. Քոչարյանի կոմպլեմենտար քաղաքականության նկատմամբ վերաբերմունքում: Դեռ 2011թ., երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը սկսեց քննադատել ներկայիս վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը, ողջ հանրապետական «էլիտան» լծվեց կոմպլեմենտարիզմի կատաղի քննադատությանը: Անգամ ներկայումս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն այդ ժամանակ մի բոցաշունչ հոդված գրեց «Առավոտ» օրաթերթում, որն ավարտվում էր հետևյալ մտքով. «Հավանաբար, ճիշտ է Օսկանյանը, երբ ասում է, որ ներկայիս արտաքին քաղաքականության շեշտադրումները կապ չունեն նախկինի հետ, չէ որ վերջապես ավարտվեց իրավիճակային քաղաքականությունը և սկիզբ դրվեց նախաձեռնողական և սկզբունքային գործելաոճին»:
Սերժ Սարգսյանի իշխանավարումը Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանից կտրելու մոլուցքն այնպիսի մարազմի էր հասել, որ ՀՀԿ-ականները նույնիսկ մոռացել էին, որ, լինելով քաղաքական մեծամասնություն, իրենք ամբողջովին կիսում էին նաև Քոչարյանի արտաքին կոմպլեմենտար քաղաքականության պատասխանատվությունը: Իսկ ահա հիմա, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե այլ, յուրովի, այսպես կոչված` նախաձեռնողական քաղաքականությունն էր իրականացնում, այլ միայն նոր բարձունքների էր հասցնում օսկանյանական կամ քոչարյանական կոմպլեմենտարիզմը: Սա, թերևս, պետք է ընդունել որպես մեղայական ինքնախոստովանություն նախաձեռնողական քաղաքականության կատարյալ ձախողման մասին:
Սակայն անգամ այս ինքնախոստովանությունը ՀՀԿ-ի պարագայում վերջնական դիրքորոշում չի կարելի համարել: Ռոբերտ Քոչարյանը դեռևս իր հստակ մոտեցումը չի արտահայտել Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ և ոչ էլ ակնարկել է հաջորդ նախագահական ընտրությունների հետ կապված իր ակնկալիքների մասին: Եթե նա երբևէ այդ մասին ակնարկի, և դրանք ՀՀԿ-ի սրտով չլինեն, ինչպես եղել է անցած երեք տարիներին, ապա գրեթե համոզված կարելի է պնդել, որ ՀՀԿ-ն և, մասնավորապես, Գալուստ Սահակյանն ամբողջ հոգով դառնալու են «հակակոմպլեմենտարներ»: Քաղաքական մեծամասնության համար, փաստորեն, լավագույն սկզբունքայնությունը... անսկզբունքայնությունն է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ