կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 10:50
Քաղաքական

Դավիթ Հարությունյանը` Վճռաբեկի նախագահ

Դավիթ Հարությունյանը` Վճռաբեկի նախագահ

Իշխանական կուլիսներում, կարծես, նոր ինտրիգ է խմորվում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահին, հիշեցնենք, ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է հանրապետության նախագահը՝ ցմահ:

 

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջիկայում կարող է հրաժարական տալ՝ կապված դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Նման բան չկա»:

 

Անձամբ Արման Մկրտումյանի հետ արդեն մի քանի օր է, զրուցել չի հաջողվում: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: Անգամ ծագած սկանդալին նա այս ընթացքում որեւէ ձեւով չի արձագանքել:

 

Իսկ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է դառնալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Այսինքն, հարցն արդեն այնքան է լրջացել, որ Վճռաբեկի ապագա նախագահի անունն է շրջանառվում: Երեկ, երբ Դավիթ Հարությունյանից խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունները, նա պատասխանեց. «Ես որեւէ նման խոսակցություն այլեւս չեմ մեկնաբանի... Ընդհանրապես, այլեւս չեմ մեկնաբանելու տարբեր գուշակություններ»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:

 

Նույն թեմային անդրադառնալով` «Ժողովուրդ» օրաթերթն էլ որպես այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներ նշում է վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տված Աղվան Հովսեփյանի (որը, ի դեպ, իր ենթականերին հրաժեշտ տալուց բառացիորեն ասել Էր. «Մենք դեռ կաշխատենք միասին») և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունները, վերջինս վաղուց է երազում հայտնվել այդ աթոռին: 

 

Իսկ Yerkir.am-ի տեղեկություններով` Դավիթ Հարությունյանն է նշանակվելու Վճռաբեկի նախագահ: Այս խոսակցություններին վերջ է դրվել Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից հետո, երբ ակտիվորեն խոսվում էր, թե նրան փոխարինելու է Դավիթ Հարությունյանը: Սերժ Սարգսյանը, ըստ մեր տեղեկությունների, ասել է, որ Դավիթին գլխավոր դատախազ չի նշանակի, փոխարենը տանելու է Վճռաբեկ: