Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայրաքաղաքում աննախադեպ հաջողությամբ իրականացնելով «անլեզու թեկնածու» օպերացիան, ինչի արդյունքում Ազգային ժողովի պատգամավոր դարձավ Երևանի քաղաքապետի աներձագը (վերջին երկու բառերը նաև անուն-ազգանուն են), իշխող կուսակցությունը ձեռնամուխ է եղել այդ «պիլոտային» ծրագիրը հնարավորինս մասսայականացնելու գործին` նույն վերնագրով օպերացիա իրականացնելով հիմա էլ Սյունիքի մարզում, որտեղ սեպտեմբերի 29-ին տեղի են ունենալու ԱԺ պատգամավորի ընտրություններ` մարզպետ նշանակված Վահե Հակոբյանից հետո թափուր մնացած պատգամավորական աթոռի համար:
Այն, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը բացարձակ կերպով հրաժարվել է նախընտրական քարոզարշավ անցկացնելու մտադրությունից, խոսում է ոչ այնքան վերջինիս «անլեզու» հանգամանքի, ոչ այնքան նրա` անհրաժեշտ ֆինանսական միջոցների չտիրապետելու մասին, որքան իշխող կուսակցության` օր օրի ահագնացող ամբարտավանության ու հանրության հանդեպ ցուցաբերվող քամահրական վերաբերմունքի: ՀՀԿ-ն հիմա էլ կարիք ունի ապացուցելու, որ բավական է իր «բրենդը» լինի որևէ թեկնածուի վրա, և նա միանշանակ հաղթող է, եթե նույնիսկ ձեռքերը ծալած նստում է ու պարապությունից ինքն իրեն օգնական է խաղում (ինչպես, ըստ լրատվամիջոցների, անում է վերոնշյալ թեկնածուն, որն անձամբ չի պատասխանում լրագրողների հեռախոսազանգերին` գերադասելով դա անել «օգնականի» միջոցով` որպես օգնական հանդես գալով հենց ինքը): Եվ այս թամաշան, աբսուրդի այս թատրոնը ՀՀԿ-ն խաղում է այնպիսի լրջությամբ, այնպիսի խոհուն ծանրումեծությամբ, որպիսի լրջությամբ ու ծանրումեծությամբ իր կուսակցության, նրա իմաստուն առաջնորդի ու քաղաքական կողմնորոշումների մասին խոսում է, օրինակ, Գալուստ Սահակյանը:
«Անլեզու թեկնածուի» ինստիտուտը, որ հայ քաղաքական դաշտում հիմնադրել է ՀՀԿ-ն, ավելի ստույգ` նրա երիտասարդ թևը` շարմազանովների ու աշոտյանների կնքահայրությամբ, սյունիքյան առաջիկա ընտրություններով ակնհայտորեն առավել ամրապնդվելու հնարավորություն է ստանում, իսկ իշխող կուսակցության ամբարտավանությունը հասել է այն աստիճանի, որ նա քաղաքական կարևոր մի մրցապայքարում, ինչպիսին ԱԺ պատգամավորի ընտրությունն է, գոնե առերևույթ, գոնե ի սեր շարմազանովյան ժողովրդավարության, պայքարի իմիտացիա էլ չի անում: ՀՀԿ-ն դրա հավեսը չունի:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ