Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը հանդես է եկել կոչով հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին՝ «Միասին կանգնեցնենք ատելության քարոզը» վերտառությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ օրեր առաջ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական մի շարք գործիչների ձերբակալությունները և այդ իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ վեր հանեցին մտահոգիչ փաստեր՝ այլակարծության նկատմամբ սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության ահագնացող չափերի մասին:
Yerkir.am-ը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.
«Հարգելի լրատվամիջոցներ,
Օրեր առաջ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական մի շարք գործիչների ձերբակալությունները և այդ իրադարձությունների լուսաբանումը լրատվամիջոցների կողմից հերթական անգամ վեր հանեցին մտահոգիչ փաստեր՝ այլակարծության նկատմամբ սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության ահագնացող չափերի մասին:
Ազգային հակակոռւպցիոն խորհրդի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով մենք արձանագրում ենք, որ ոչ միայն ընդդմիադիր գործիչներին բերման ենթարկելու ոստիկանության գործողություններն էին ուղղորդված և նախապես պլանավորված, այլ նաև դիտարկվել են հատուկ կազմակերպված ֆեյքային գրոհներ սոցիալական ցանցերում՝ ձերբակալված անձանց, նրանց համակիրների, աջակիցների, անգամ պաշտպանների նկատմամբ: Առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ այս գործողությունները համակարգվել են պետական ռեսուրսների հաշվին:
Մեծապես կարևորելով այն ահռելի և կարևոր աշխատանքը, որ իրականացրել են ԶԼՄ-ները՝ ապահովելով իրադարձությունների պատշաճ և հետևողական լուսաբանում, ցավով արձանագրում ենք, որ այդ նույն հեռարձակումները հարթակ դարձան սոցիալական ցանցերի օգտատերերի համար՝ իրենց քաղաքական հայացքներից ելնելով մյուս կողմի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու, բռնության կոչեր հնչեցնելու, վիրավորանքներ և հայհոյանքներ տարածելու համար:
Այս իրադարձությունները վերահաստատեցին վերջին ամիսների մեր դիտարկումները, որոնք ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում շարունակաբար հնչեցվում է ուղղորդված ատելության խոսք, կողմերն իրար նկատմամբ իրականացնում են թույլատրելիի բոլոր սահմանները հատող տեղեկատվական գրոհներ:
Հաշվի առնելով ստեղծված մթնոլորտը, հանրության տարբեր շերտերի խիստ սուբյեկտիվ և առավելապես էմոցիոնալ դիրքորոշումները, կեղծ օգտահաշիվների լայն կիրառությունը` կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին՝ քաղաքական գործընթացների այսպիսի լարումների պարագայում յություբյան live հեռարձակումների ժամանակ օգտվել տեսանյութի մեկնաբանությունները ապաակտիվացնելու հնարավորությունից:
Որպես լրատվամիջոցներ, որոնց առաքելությունն է ապահովել անաչառ և անկողմնակալ լրատվություն, դուք այսպիսով թույլ չեք տա հանրային առանց այն էլ բևեռացված տրամադրությունների է՛լ ավելի սրումը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կնպաստեք հանրային համերաշխության կայացմանը, որին այլընտրանք Հայաստանն այլևս չունի:
Եթե մենք չանենք այս քայլերը և շարունակենք հարթակ ու հնարավորություն տրամադրել հասարակության տարբեր հատվածներին ատելության խոսքի տարածման համար, հետևանքները լինելու են աղետաբեր: Անթույլատրելի ենք համարում մեր հասարակության պառակտումը, բարեկիրթ քաղաքական բանավեճի կանոններից այս աստիճան շեղումը, իսկ բարոյական այն անկումը, որ նկատվում է բազմաթիվ իրական և կեղծ օգտատերերի մեկնաբանություններում, չափազանց դժվար է լինելու հաղթահարել հետագայում:
Հույս ունենք, որ մեր կոչին կարձագանքեք ըստ արժանվույն և որպես պատասխանատու ԶԼՄ-ներ՝ ապագայում թույլ չեք տա և կկասեցնեք ատելության քարոզը ձեր եթերում և քայլեր կձեռնարկեք` սոցիալական ցանցերի ձեր պաշտոնական էջերում նույնպես բռնության կոչերի, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների հեռացման և այս արատավոր երևույթը այլևս կանխելու ուղղությամբ»: