կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 11:41
Քաղաքական

Խորհրդարանական մոդելը վտանգավոր է. Գալուստ Սահակյան

Խորհրդարանական մոդելը վտանգավոր է. Գալուստ Սահակյան

Ամառվանից հետո միշտ էլ խոսք է գնում թեժ աշնան մասին. ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Աշնանային իր առաջին ասուլիսում, սակայն, նա հայտարարեց, որ հարցերին կարճ է պատասխանելու` տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, եւ որպեսզի նոր Գալուստ Սահակյաններ չծնվեն:

 

Նա նշեց, որ աշունը, իհարկե, ակտիվ է լինելու, ակտիվ է լինելու նաեւ խորհրդարանի աշխատանքը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը թեեւ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է, բայց դեմ է կառավարման համակարգը փոխելուն եւ այն խորհրդարանական դարձնելուն: Ավելին, Սահակյանը հայտարարեց, որ ոչ միայն չի կարելի փոխել երկրի կառավարման մոդելը եւ ոչ միայն դրա կողմնակիցը չէ, այլեւ կարծում է, որ խորհրդարանական կառավարման մոդելը վտանգավոր է: Լրագրողների ճշտող հարցին, թե ո՞րն է վտանգը, Սահակյանը պատասխանեց.«Ճանապարհ չունեցող, պատերազմական երկիր ենք: Մեկը պետք է երաշխավոր լինի»:

 

Նա նաեւ վստահեցրեց, որ մոդելի մեջ չէ երկրի բնակիչների լավ կամ վատ ապրելը: Լրագրողների դիտարկմանն էլ, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ում այս հարցի շուրջ տարաձայնություններ առաջանան եւ խորանան, Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր չգիտեն` հարցին ինչպես պատասխանել, ինքը` գիտի:

 

Գալուստ Սահակյանը բացառեց իշխանափոխությունը, քանի որ, ըստ նրա, քաղաքական ուժերը պասիվ են, զորավոր չեն: