Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է սեպտեմբեր ամսին հանրապետությունում սպասվող եղանակը:
«Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13 աստիճան է (Ըստ Ցելսիուսի): Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 33...38, լեռնային շրջաններում՝ 30...31: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում է 9 աստիճան ցրտից (Աշոցքում) մինչև 4 աստիճան տաքություն (Բերդում):
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23 աստիճան է, երկրորդում՝ 20 և երրորդում՝ 18...19 աստիճան: Ցրտահարություն կարող է դիտվել միայն հողի մակերևույթին (28.09.1985թ.):
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ: Բազմամյա տվյալներով` 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, ինչը գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ: Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ: Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր: Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը` դրանց արագությունն էապես չի փոխվում»: