Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը ս. թ. օգոստոսի 15-17-ը Վանում «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպում է Հայ եւ թուրք երիտասարդ գործարարների առաջին համաժողովը. այս մասին տեղեկանում ենք միության տարածած հաղորդագրությունից:
Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջեւ համագործակցության ստեղծմանն ու խթանմանը:
Եռօրյա գործարար համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն եւ տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից` պլենար հանդիպումից եւ հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջեւ անհատական գործարար հանդիպում-բանակցություններից:
Համաժողովի առաջին օրը հանդիպման մասնակից ավելի քան 30 գործարարներ ներկայացրին տուրիզմի, գյուղատնտեսության, շինարարության, քարի մշակման, քաղցրավենիքի արտադրության եւ այլ ոլորտներում իրենց կազմակերպությունները: Փակ սահմանների եւ պետական մակարդակով հարաբերությունների բացակայության պայմաններում երիտասարդ գործարարները փորձելու են նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, համատեղ մտածել ու երկու երկրների տնտեսական հարաբերությունների խոչընդոտների հնարավորինս վերացման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:
Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» եւ «Վանի երիտասարդ գործարարների միության» միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջեւ ստեղծվեց համագործակցության նոր հարթակ:
Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության եւ համատեղ բիզնես հնարավորությունների հետ: