|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Կրկներգ
Վույ աման, վույ աման, վույ աման
Գծատեր լինելուց լավ բա՞ն,
Կեր, խմի քեֆ արա, Գալուստ ջան,
Աշխարհը խալի ա ոտիդ տակ...
Ոչինչ չեմ հասկանում
Գծատերերի այս համատարած փչացման պայմաններում էլ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հետազոտությունը խայտառակ արդյունքներ է տվել: Հարցին՝ եթե ձեզ բախտ վիճակվեր ձեր կյանքը նորից ապրել, գծատեր կդառնայի՞ք, գծատերերի 100 տոկոսը, առանց աչքը թարթելու, պատասխանել է՝ այո':
Ստյո'պ, սիրուն չի
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին բողոքել է ավագանու` «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանի վարքից:
-Նրա արածը արած չի,- ասել է պաշտոնյան,- ամեն անգամ ինձ համոզում է, բերում ցուցարարների հետ հանդիպման, իսկ երբ ժողովուրդն սկսում է քարով ու 50 դրամանոցով խփել, անհետանում է...
Հատուկ դասընթաց
Մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի կաբինետ՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստին բերման ենթարկել չկարողանալու համար:
Կպցրել են
Կարգին Հայկոյի նախաձեռնած «Փոխադրում եմ անվճար» ակցիային միացել են հեռուստաէկրանից ծանոթ շատ դեմքեր: Փակված սերիալների մի շարք դերասանների բավականին դուր է եկել «տաքսավատ» անելու նոր զբաղմունքը, և նրանք այս օրերի իրենց անվճար ուղևորներին այցեքարտեր են բաժանում` ասելով՝ հետո, երբ այս ղալմաղալն անցնի, տաքսի պետք լինի՝ զանգի:
Աղբյուրը՝ «Ֆեյսբուք»
Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանը և Գագիկ Բեգլարյանը երեկ ուղղաթիռով պտտվել են Երևանի վրայով և ստուգել, թե իրենց պատկանող երթուղիների վրա ցուցարարների մեծ կուտակումներ չկա՞ն: Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում Գալուստ Գրիգորիչն ասել է՝ մի հատ 100 դրամանոց չգցե՞մ ներքև, մի մարդ գտնի, ուրախանա: Գագիկ Բեգլարյանը, լավ ճանաչելով երևանցիներին, ասում է՝ ես երկու հատ 50 կգցեմ, թող երկու մարդ ուրախանա: Տարոն Մարգարյանը, որսալով պահը, ասում է՝ ես էլ իրար կապված երեք հատ 50 կգցեմ, թող մի մարդ գտնի, բայց շատ ուրախանա: Հինգ ամսվա աշխատավարձը չստացած օդաչուն, որ լսում էր նրանց խոսակցությունը, շրջվում է երրորդության կողմն ու ասում՝ հիմա որ երեքիդ միասին գցեմ ներքև, մեկուկես միլիոն մարդ կուրախանա:
Էդիկ Անդրեասյան