կարևոր
739 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-29 17:26
Քաղաքական

Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա Եկեղեցու դեմ տարվող «պատերազմում», հին նիկոլական տակտիկա ա

Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա Եկեղեցու դեմ տարվող «պատերազմում», հին նիկոլական տակտիկա ա

24News-ը գրում է․ «Իշխանությունը «խաժամուժի» միջոցով բարենորոգման շղարշի տակ ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և հիշեցրեց, որ դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագի ընթացքում ամբոխից մեկը Կաթողիկոսին քարերով սպանելու կոչ է հնչեցրել, ինչը, սակայն, անհետևանք է մնացել:

«Իրենք կարող են հայհոյել, կարող են գրոհել, վիրավորել, ձեռքներին ազատություն տալ ու մնալ անպատիժ: Հարցն այն է, որ այս ամենը կատարվում է հենց ոստիկանների աչքի առաջ, նրանց ներկայությամբ ամենավերջին բառապաշարն են օգտագործում, ու ոչինչ չեն անում»:

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պարտություն է գրանցել Եկեղեցու դեմ սկսած «պատերազմում»: Դրանցից առաջինը ԱԱԾ-ին Միքայել Սրբազանի հետևից ուղարկելն էր:

«Բայց Փաշինյանը «ֆիասկո» ապրեց Գյումրիում՝ «Յոթ վերք» եկեղեցում, որը երկրորդն էր, իսկ երրորդը դեկտեմբերի 18-ին էր, երբ տիրադավ ու հերձված հոգևորականները փորձ կատարեցին ամբոխին ուղղել դեպի Մայր Աթոռ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ սկսած արշավը կտանի մինչև վերջ, պատգամավորը ընդգծեց, որ հարցը միայն իրենով չի լուծվում, գործընթացը ղեկավարվում է դրսի որոշ կենտրոնների կողմից:

«Երեք պարտություններից հետո Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա, բայց մինչև ընտրություններ ամեն կերպ փորձելու է հնազանդեցնել Եկեղեցին իր նենգ ու հակապետական ծրագրերը իրականացնելու համար: Դա նիկոլական հին տակտիկա ա, եթե ուժերը չի հերիքում, ժամանակավորապես դադար է տալիս, բայց միամիտ լինել պետք չէ, նա չի նահանջի»:

Գառնիկ Դանիելյանը ընդգծեց, որ իրավիճակից հավատացյալները ևս պետք է հետևություն անեն, պիտի հասկանան՝ ինչպես ճիշտ աջակցել Եկեղեցուն:

«Պիտի մեր սրբությունները կարողանանք պաշտպանել, Նիկոլին չպիտի հնարավորության տանք կատարելու տարբեր ուժային կենտրոնների կողմից Եկեղեցու դեմ սկսված գործընթացը»»: