կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 15:36
Հասարակություն

Չինաստանում հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն կբացվի

Չինաստանում հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն կբացվի

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ:

 

Փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն:

 

Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները:

 

Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:

 

Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաև տվյալ համալսարան: