կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-15 12:10
Առանց Կատեգորիա

Ուղերձը տեղ է հասել

Ուղերձը  տեղ է հասել

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին` թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։

 

Նման հայտարարությանը հակազդելու առումով բավական ուշացած համարվող հակադարձությունը, ի վերջո, երեւաց։

 

«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

 

Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:

 

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը խոսում է Հայաստանում տիրող խնդրահարույց մտայնության մասին»:

 

«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Նախ պետք է ասել, որ հակադարձությունը ուշացած է։ Երեւանում գումարված իրավաբանների ժողովի թվականը հուլիսի 5-ն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 5 օր սպասել է` իր հակազդեցությունը պաշտոնական կայքի վրա տեղադրելու։

 

Երկրորդ արագ նկատվող երեւույթը  հակազդեցության եղանակն է։ Նշենք, որ հակազդեցությունը ըստ ձեւի կատարված հատուկ հայտարարություն չէ։ Երկրորդ` արտգործնախարարի կողմից չէ, այլ նախարարության խոսնակի։ Երրորդ` նույնիսկ խոսնակը ոչ թե տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով է խոսել այս մասին, այլ պատասխանել  մի լրագրողի հարցի։

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի թուրքերեն բաժինը լուրը տեղադրել էր շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին։ Անգլերեն բաժնում թարգմանությունը երևաց մեկ օր հետո։

 

Այսինքն` հուլիսի 5-ից մինչև հուլիսի 14-ը պաշտոնական Անկարան նախընտրել էր լուռ մնալ։ Թերեւս շարունակվեր լռությունը, եթե լրագրողը այդ մասին հարցում չաներ։ Այստեղ պետք չէ բացառել պատվեր-հարցման հավանականությունը, հարցի մասին ուշացումով, երկրորդ մակարդակով եւ ոչ թե հատուկ, այլ իմիջիայլոց անդրադառնալու համար։

 

Գլխավոր դատախազի հայտարարությունում կար բաժին նաեւ հայ-թուրքական սահմանի վիճելի լինելու մասին «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես նաեւ Ադրբեջանի հետ»։  Թուրք խոսնակը այս բաժինը ճիշտ էր ընկալել ու վերարտադրել, հավելելով, որ ըստ գլխավոր դատախազի, հայ-թուրքական սահմանը երբեք իրավականորեն չի հաստատվել։

 

Թեկուզ ուշացած հակազդեցությամբ, թեկուզ, երկրորդ մակարդակով, թեկուզ պատահական հարցման պատասխանելով, այսուհանդերձ հստակ է, որ Հայաստանի պետական ուղերձը տեղ է հասել։ Այդ ուղերձը հայ-թուրքական ներկա սահմանի  չճանաչումն է, տարածքների պահանջն է եւ առհասարակ մեր պահանջատիրության անթերի իրաւականացման մեկնարկն է։ Պաշտոնական Անկարան հասկացել է  նաեւ, որ այս գլխավոր դատախազի անձնական համոզումը չէ։ Արտաքին գործերի նախարարության բանբերը նշում էր, որ գլխավոր դատախազը այս հայտարարությունը արել է հուլիսի 5-6-ին Երեւանում տեղի ունեցած հայ իրավաբանների համահայկական համաժողովին, որի բացումը կատարվել է նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Այո՜, ուղերձը հղվել է բարձրագույն մակարդակից եւ, իհարկե, տեղ է հասել։ Երեւանը վիճելի է նկատում հայ-թուրքական սահմանը եւ տարածքներ է պահանջում Թուրքիայից։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր